Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն՝ 2023 թվականի օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 9-ը ներառյալ՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների:
Կամավոր ատեստավորմանը կարող են դիմել և մասնակցել
1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչները, այդ թվում՝ դասվարները,
միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչները, որոնք նվազագույնը 60 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում կշարունակեն իրենց մասնագիտական գործունեությունը՝ «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի համաձայն,
2022 թվականին 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները, որոնք 2023 թվականին ենթակա են վերաատեստավորման,
մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը,
«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող և նշված առարկաների մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչ չաշխատող անձը:
Ատեստավորումն ըստ առարկաների իրականացվում է գրավոր եղանակով:
«Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, «Մայրենի լեզու (քրդերեն)» և «Մայրենի լեզու և գրականություն (քրդերեն)» առարկաներ դասավանդող ուսուցիչները՝ միայն «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկայից, Պատմություն դասավանդող ուսուցիչները՝ «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներից, իսկ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները ներառվելու են մեկ թեստում։
5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Բնագիտություն», «Հայրենագիտություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Ինֆորմատիկա», «Հասարակագիտություն», «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Շախմատ» առարկաների ուսուցիչների և դասվարների, ինչպես նաև «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների և խմբակավարների ատեստավորումն իրականացվում է թեստավորման եղանակով:
«Բնագիտություն» և «Հայրենագիտություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար ընտրում են բարձրագույն կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:
Ռուսերենով ուսուցմամբ դասարանների դասվարների համար թեստերը կարող են կազմվել ռուսերենով:
Ուսումնական հաստատությունում նախարարության կողմից երաշխավորված դպրոցական բաղադրիչով առարկաներ դասավանդող ուսուցիչը կարող է ատեստավորվել տվյալ բնագավառի՝ ատեստավորման ցանկում ընդգրկված առարկաներից որևէ մեկով՝ իր ընտրությամբ:
Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։
Այն ուսուցիչները, որոնք ունեն էլեկտրոնային մատյան, ատեստավորմանը մասնակցելու համար հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում (matyan.emis.am) մինչև օգոստոսի 9-ը ներառյալ՝ ժամը 18:00-ն և ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:
Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) ուսուցչի անունը, ազգանունը, հայրանունը,
2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը).
3) դասավանդվող առարկան, որից պատրաստվում է ատեստավորվել (սույն կարգի 10-րդ կետի դեպքում՝ որակավորման իր բազային կրթության կամ սույն կարգի 13-րդ կետում նշված ցանկում ընդգրկված առարկան),
4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,
5) ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը:
2023 թվականի կամավոր ատեստավորմանը կարող են դիմել և մասնակցել նաև նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները:
Այն անձինք, որոնք չունեն էլեկտրոնային մատյան, ատեստավորմանը մասնակցելու համար հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում /at.emis.am/ մինչև օգոստոսի 9-ը ներառյալ՝ ժամը 18:00-ն և ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:
Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո հնարավոր չի լինի հայտ ներկայացնել, քանի որ էլեկտրոնային համակարգում նշման հնարավորությունը փակվելու է:
Հայտը ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) անձի անունը, ազգանունը, հայրանունը,
2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը),
3) բնակության վայրը (մարզը, համայնքը),
4) առարկան, որից պատրաստվում է ատեստավորվել (կարգի 10-րդ կետի դեպքում՝ որակավորման իր բազային կրթության կամ կարգի 13-րդ կետում նշված ցանկում ընդգրկված առարկան),
5) հանրային ծառայության համարանիշը,
6) էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը:
Հայտերի լրացման մանրամասների համար՝ կից ուղեցույցը:
Ուսուցիչ չաշխատող անձի համար ։
Դպրոցում աշխատող ուսուցիչների համար։