ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Հաշվի առնելով արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների մասնագիտական պատրաստվածության և կարողունակությունների բարձրացմանը զուգահեռ համահունչ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է կարգում կատարել համապատասխան փոփոխություններ ու լրացումներ։
Մասնավորապես՝ ատեստավորումն անցած մանկավարժական աշխատողներին լրավճար կտրամադրվի կարգով սահմանված դեպքերում' 5 տարի ժամկետով' փաստացի դասավանդելու դեպքում՝ անկախ նրանից, թե որ ուղղությամբ է ատեստավորվել:
Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ արտադպրոցական ուսումնական հաստատություններում դրույքաչափերը խիստ տարբեր են՝ ըստ տարբեր համայնքների՝ կախված համայնքների բյուջեներից, սահմանվել է ամրագրված լրավճար հետևյալ տրամաբանությամբ․
Ատեստավորման արդյունքում՝
90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138 667 դրամ ֆիքսված լրավճար՝ անկախ դասավանդման ծանրաբեռնվածությունից․
80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 112 000 դրամ ֆիքսված լրավճար՝ անկախ դասավանդման ծանրաբեռնվածությունից․
70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 82 000 դրամ ֆիքսված լրավճար՝ անկախ դասավանդման ծանրաբեռնվածությունից.
60-69 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 55 333 դրամ ֆիքսված լրավճար՝ անկախ դասավանդման ծանրաբեռնվածությունից։
Այսպիսով՝ նախագծով առաջարկվող փոփոխությունները կնպաստեն մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման պայմանների բարելավմանը, ինչպես նաև կադրային համալրման և ուսուցման գործընթացի բարձրացման արդյունավետությանը։
Առաջարկվող լրացումները թույլ կտան նաև մեծացնել համակարգի գործառնության արդյունավետությունը և զարգացման հնարավորությունները, ապահովել մանկավարժների մասնագիտական զարգացման շարունակականությունը և կատարելագործել ուսհաստատությունների կառավարման մեխանիզմները։
Նախագծով սահմանվել, որ որոշման պահանջները չեն տարածվում 2023 թվականին կամավոր ատեստավորում անցած մանկավարժական աշխատողների վրա։
Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մարտի 7-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: