ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2020 թվականի հունվարի 15-ի N 15-Ա/2 հրամանի համաձայն՝ 2020 թվականի բոլոր քննաշրջանների համար դրսեկության ձեւով (էքստեռն) ավարտական քննություններ անցկացնելու իրավունքը վերապահվել է «Երեւանի թիվ 112 ավագ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը:
2020 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձեւով ավարտական քննությունները կազմակերպելու նպատակով Երեւանի թիվ 112 ավագ դպրոցը 2020 թվականի մայիսի 11-20-ը ներառյալ ընդունելու է դրսեկի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված փաստաթղթերը՝ հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար քննությունների անցկացման համար:
Երեւանի թիվ 112 ավագ դպրոցի տնօրենին ուղղված դիմումին (օրինակը տրամադրվում է դպրոցում) կից ներկայացվում են հետեւյալ փաստաթղթերը՝
1) հիմնական կրթության վկայական ստանալու համար'
ա. անձը հաստատող փաստաթուղթ,
բ. տեղեկանք նախնական կրթության մասին' առկայության դեպքում,
գ. առկայության դեպքում նաեւ Էքստեռն ավարտական քննություններ հանձնած դրսեկին Երեւանի թիվ 112 ավագ դպրոցի տնօրենի կողմից տրամադրված տեղեկանք՝ գնահատման 10 միավորային համակարգում՝ 4-10, 20 միավորային համակարգում՝ 8-20 միավոր ստանալու վերաբերյալ,
2) միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար'
ա. անձը հաստատող փաստաթուղթ,
բ. հիմնական կրթության վկայական (բնօրինակը),
գ. առկայության դեպքում նաեւ Էքստեռն ավարտական քննություններ հանձնած դրսեկին Երեւանի թիվ 112 ավագ դպրոցի տնօրենի կողմից տրամադրված տեղեկանք՝ գնահատման 10 միավորային համակարգում՝ 4-10, 20 միավորային համակարգում՝ 8-20 միավոր ստանալու վերաբերյալ:
Թիվ 112 ավագ դպրոցի հասցեն՝ ք. Երեւան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Սեբաստիայի փողոց, 84 շենք: