ՀՀԿ ԳՄ նիստից հետո պարզ է դարձել, որ Սերժ Սարգսյանի որոշումը ողջունել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մինչդեռ ես միամտաբար կարծում էի, որ վարչապետը այսպիսի խոսքեր է ասել. «Համաշխարհային պրակտիկայում չկա այնպիսի փորձ, որի համաձայն' երկիրը, չունենալով ընդհանուր սահման մաքսային միության հետ, անդամակցի դրան: Ըստ Տիգրան Սարգսյանի՝ եթե ապրանքները պետք է երկրորդ երկրի միջոցով արտահանվեն, դա նշանակում է, որ մաքսազերծման բոլոր գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել: Այսինքն, մաքսային գոտու բոլոր առավելությունները դուրս են մղվում: Այդ տեսակետից, անիմաստ է դառնում մաքսային միությանն անդամակցելը»:

 

Անհարմար բան ստացվեց: Փաստորեն մենք սխալ ենք հասկացել վարչապետի խոսքերը: Հիմա ամոթից կարմրել եմ, ես էլ երեկ վերլուծել էի, որ այդ սկզբմունքային, ազնիվ և ժպտուն մարդը պետք է հրաժարական տա: Չգիտեմ, թե ոնց մեղանչեմ:

 

Կամ էլ հերթական դավադիր, օֆշորանման պատմությունն է: Ինչ որ մեկը, մի չարագործ, վարչապետի անունից մտքեր է արտահայտել: Հա՛, հա՛, հաստա՛տ այդպես է: Մեր պրակտիկայում չի բացառվում այդպիսի երևույթի հավանականությունը: Մարդիկ միլիոններ են նրա անունից մուծում օֆշորյան հաշիվներին, մի քանի միտքն ինչ է, որ չարտահայտեն...

 

Վարուժան Բաբաջանյան