Երեկ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել ՀՀ Էներգետիկ անվտանգության և տրանսպորտային անվտանգության ռազմավարությունները: Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ քննարկված փաստաթղթերը հավանության են արժանացել: Կառավարությանը հանձնարել է վեցամսյա ժամկետում մշակել ռազմավարության ծրագիր, հաստատել և սկսել կյանքի կոչել ՀՀ Էներգետիկ անվտանգության և տրանսպորտային անվտանգության ռազմավարությունները։

Ըստ Արթուր Բաղդասարյանի, այսօր էներգետիկ անվտանգության խնդիրներն ունեն առաջանային նշանակություն: ԱԱԽ նիստում քննարկվել են գործող ատոմակայանի գործունեությունը զարգացնելու, զուգահեռաբար նոր ատոմակայանի կառուցման հարցերը։

Տրանսպորտի զարգացման ոլորտում խոսքը, մասնավորաբար, աբխազական երկաթգծի բացման հնարավորությունների մասին է: Կինտենսիվանան նաեւ բանակցությունները Իրան –Հայաստան երկաթգծի կառուցման ուղղությամբ։ Արդեն իսկ Իրանը իր տարածքում շինարարության ֆինանսավորման մասին համաձայնություն է տվել:

Քննարկվում են նաև լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ գտնելու հնարավորությունները։ «Երկաթուղային տրանսպորտի զարգացումը ՀՀ-ի համար կարևոր նշանակություն ունի»,- կարծում է Բաղդասարյանը։ Կշարունակվի նաեւ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարությունը։ Աշխատանքներ կտարվեն Ստեփանավանի օդանավակայանը բացելու, զարգացնելու ուղղությամբ:

Մանրամասներն` այստեղ: