Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ 2000-ականներից ի վեր առաջին անգամ Հայաստանը, Հայաստանի ժողովուրդը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր է:
«Սա կայացած փաստ է ու ես հույս ունեմ, որ Հայաստանի ժողովրդի, կառավարության փայաբաժինը կավելանա, բայց այնպիսի չափերի, որ չի դեֆորմացնի մեր տնտեսության շուկայական բնույթը», - ասաց նա:
Փաշինյանը նշեց, թե «Գեոպրոմայնինգ» ընկերության սեփականատերերից մեկի կողմից Հայաստանին արվել է առաջարկ, որը համապատասխանում է ՀՀ տնտեսական ու պետական շահերին:
«Դա ներառում է երկու շատ կարևոր բաղադրիչ՝ առաջինը՝ պղնձաձուլարանի կառուցում, երկրորդը՝ նոր ատոմակայանի կառուցում: Այդ խոշոր ընկերությունը ստանձնել է պղնձաձուլարանի հիմնադրման մասով ներդրումային պարտավորություններ, արդեն իսկ բանակցություններ է սկսել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ», - ասաց ՀՀ վարչապետը:
Նա նշեց, թե հիմա իրենց խնդիրն է, որ մինչև 2025 թվականի հունիսը նոր պնղնձաձուլարանի շինարարությունը սկսեն, իսկ ատոմակայանի շինարարությունը պետք է այնպես անեն, որ զուգահեռ տեղի ունենա: