Հայաստանում այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հիփոթեքային վարկավորման ծավալը աճել է 100 տոկոսով: Այս մասին մարտի 19-ի մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մասնագետների գնահատմամբ՝ սա ահռելի աճ է: Ես ուզում եմ նկարագրել այն շղթան, որով այս թվերը պետք է ազդեցություն ունենան իրական կյանքի վրա: Սա նշանակում է, որ մենք առաջիկայում ունենալու ենք շինարարության պահանջարկ: Սա իր հերթին բերելու է նոր աշխատատեղեր ոչ միայն շինարարության ոլորտում, այլ նաև շինանյութերի արտադրության, սպասարկման ոլորտում: Սա, կարծում եմ, շատ կարևոր ցուցանիշ է, ինչը հանգեցնելու է գործազրկության կրճատման»,-ասաց Փաշինյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին Հայաստանի կառավարության հետ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ շուրջ 2.7 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումային ծավալներով: Այդ ծրագրերից 42-ը՝ 774 միլիոն դոլար ծավալով, գտնվում են իրականացման տարբեր փուլերում, իսկ մյուսներն ակտիվ քննարկման փուլում են: Նրա գնահատմամբ՝ սա նշանակում է, որ երկրում նաև որոշակի ներդրումային հետաքրքրությունների աճ կա: