Հայաստանում տրամադրված սպառողական, հիփոթեքային և այլ տեսակի վարկերն աճել են: Սրան զուգահեռ Կենտրոնական բանկը հետևողականորեն ուշադրություն է դարձնում, թե հասարակությունում որքան է պարտքի բեռի կուտակումը՝ անհրաժեշտության դեպքում գործիքակազմ կիրառելու համար: ԿԲ-ն միևնույն ժամանակ նկատում է՝ վարկավորման տոկոսադրույքները Հայաստանում համադրելի երկրների համեմատ ցածր են: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԲ ֆինանսական համակարգի կայունության զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:
«Երրորդ եռամսյակի վերջի դրությամբ ֆինանսական համակարգում մենք ունեցել ենք տրամադրված վարկերի էական աճ: Իրականում նկատվում է սպառողական և հիփոթեքային վարկերի աճ, բայց ֆինանսական կայունության տեսանկյունից մենք էական ռիսկերի կուտակում այստեղ չենք տեսնում»,-ասաց Գրիգորյանը:
Նա նկատեց՝ ցանկացած բանկ, երբ վարկ է տալիս, ստանձնում է նոր ռիսկ, այսինքն՝ կա հավանականություն, որ այդ վարկը չի մարվի, հետևաբար, բանկը պետք է համապատասխան ռիսկերի կառավարման քաղաքականություն ունենա: ԿԲ-ն հետևում է տնտեսությունում ցանկացած տեսակի ֆինանսական գործիքների զարգացումներին՝ ներառյալ սպառողական վարկերի և հիփոթեքային վարկերի աճերին: Կենտրոնական բանկն ուշադրություն է դարձնում նաև, թե որքան է պարտքի բեռի կուտակումը հասարակության մոտ: «Երբ կզգանք, որ տեղի է ունենում չափից ավելի պարտքի բեռի կուտակում, պատրաստ ենք կիրառելու համապատասխան գործիքակազմը»,-ասաց Գրիգորյանն ու հավելեց՝ այս պահին լրացուցիչ գործիքակազմ կիրառելու անհրաժեշտությունը դեռ քննարկում են, եթե կարիք լինի, անմիջապես կկիրառեն:
Գործիքակազմերից մեկով ԿԲ-ն կարող է բանկերի համար ստեղծել համապատասխան պայմաններ, որ շատ ավելի մեծ ուշադրություն դարձնեն հաճախորդների եկամուտներին:
Գրիգորյանը նկատեց նաև, որ վերջին 12-13 տարիների ընթացքում Հայաստանում վարկերի տոկոսադրույքները ստաբիլ, դինամիկ նվազում են, իսկ ավանդների տոկոսադրույքները՝ աճում: «Ավանդների տոկոսադրույքները ստաբիլ բարձրացել են մինչև 2016-2017թթ., որից հետո մարժան բանկերի մոտ այնքան է նեղացել, որ բանկերը այլընտրանք չունեն՝ էլ ավելի նվազեցնելու կամ ավելացնելու ավանդների տոկոսադրույքները, որպեսզի մրցակցության նոր միջոցներ ներգրավեն: Այս պահին, հաշի առնելով բոլոր տեսակի գործոնները, ռիսկերը, որոնք գոյություն ունենք ֆինանսական համակարգում, տնտեսությունում, վարկառուների շրջանակում, մենք տեսնում ենք միայն վարկավորման տոկոսադրույքների նվազում»,-նշեց Գրիգորյանը:
Նա նկատեց՝ թե տարածաշրջանի, թե Հայաստանի նման զարգացող երկրների համեմատությամբ անգամ երկրում վարկավորման տոկոսադրույքները ցածր են:
Գրիգորյանը նաև նշեց՝ կիսամյակային դրությամբ ֆինանսական կազմակերպությունների՝ բանկերի կողմից տրամադրված վարկերում չաշխատող վարկերի տեսակարար կշիռը տատանվել է 5-5.1 տոկոսի շուրջ: Այց ցուցանիշը ևս ցածր է թե տարածաշրջանի, թե համադրելի տարբեր երկրների համեմատությամբ: