Կորոնավիրուսից մահացած անձանց համար Հայաստանում հատուկ դիահերձարան կկառուցվի: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

 

Նախարարը նշեց, որ Հայաստանը հրաժարվել է դիահերձել կորոնավիրուսից մահացածներին՝ հետևելով միջազգային մասնագիտական կառույցների ցուցումներին:

«Մինչ այսօր կորոնավիրուսից մահացած ոչ մի պացիենտների հերձում չի իրականացվել, որպեսզի մինչև հատուկ ինֆեկցիոն պահանջներին համապատասխանող դիահերձարան ունենալը չվտանգենք անձնակազմին։ Հետևել ենք միջազգային կառույցների բոլոր խորհուրդներին և մենք դրա համար հատուկ օրենսդրական փոփոխություններ ենք իրականացրել։ Աշխատանքներ ենք տանում, որպեսզի ունենանք կորոնավիրուսից մահացածների համար հատուկ դիահերձարան»,- ասացԹորոսյանը։

 

Այնուամենայնիվ, Թորոսյանը չհերքեց, որ եղել են դեպքեր, երբ մահացած անձի մոտ հերձման ընթացքում է հաստատվել կորոնավիրուսի առկայությունը: