www.tert.am Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղի 18-ամյա բնակչուհին սեպտեմբերի 4-ին, իր ծնողների տանը վիճաբանել է Շիրակ գյուղի 55-ամյա Սուքիաս Գրիգորյանի հետ: Վերջինս զենքով սպառնացել է, ապա կրակել ու դիմել փախուստի: Իրավապահներն այդ մասին տեղեկացել են միայն սեպտեմբերի 5-ին: Փոքր Սարիար համայնքի ղեկավար Արայիկ Արշակյանը հաստատեց կատարվածը՝ ասելով, որ ոստիկաններն արդեն 2 օր է աշխատում են գյուղում: Վերջինիս փոխանցմամբ՝ աղջիկը վնասվածք չի ստացել, տղամարդը օդ է կրակել:

 

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Սուքիաս Գրիգորյանը բերման է ենթարկվել ու ձերբակալվել: Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 137 հոդվածի հատկանիշներով (սպանության սպառնալիք):

 

Փոքր Սարիարի համայնքապետից Tert.am-ը տեղեկացավ, որ տուժողը մեկ տարի առաջ է ամուսնացել և բնակվում է Գյումրիում: Հայրենի գյուղ եկել էր մի քանի օրով՝ ծնողներին հյուր: Ձերբակալվածը նույնպես ամուսնացած է, ունի երեխաներ և թոռ: Շիրակ գյուղի համայնքապետ Արամայիս Հարությունյանի փոխանցմամբ գյուղի լավագույն մեխանիզատորն է Սուքիաս Գրիգորյանը, ում օգնությանը դիմում են անգամ հարևան համայնքներից: