www.lragir.am Արցախում առաջիկայում շրջանառության մեջ կդրվեն վերաբնակեցմանն ուղղված երկրորդ վիճակախաղի տոմսերը: Ի տարբերություն առաջինի, նոր վիճակախաղը կխաղարկվի sms-ների միջոցով: «Ովքեր ուզում են մասնակցել Արցախի վերաբնակեցմանը, sms-ով մեկ քար կառնեն ու կուղարկեն Արցախ»,- Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
Իսկ մինչ այդ, ԼՂՀ-ում զբաղված են առաջին վիճակախաղի խաղարկության հարցերով: Արցախի վերաբնակեցմանն ու տնտեսության զարգացմանն ուղղված առաջին վիճակախաղը, որը թողարկվել է այս տարվա մայիսի 9-ին, կամփոփվի սեպտեմբերի 28-ին: Արթուր Աղաբեկյանն ասում է, որ նախատեսվում է առաջիկա 4 տարիներին այն հաստատ շարունակական դարձնել, իսկ դրանից հետո ամեն ինչ անելու են, որ վիճակախաղը չդադարի:
«Վիճակախաղը երկու հիմնական նպատակ ունի. առաջինը` խթանել աշխատատեղերի ստեղծումը, ներառել վիճակախաղի շահումների մեջ այնպիսի արտադրանք, որը մաս է կազմում Արցախի մշակույթի: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ձեռագործ գորգերին: Ձեռագործ գորգերի արտադրությունը յուրահատուկ է այն առումով, որ Արցախը տարիներ շարունակ ունեցել է այդ ճյուղը, բայց վերացման եզրին էր:
Այսօր արդեն 100-ից ավելի կին Շուշիում և Ստեփանակերտում գորգ են գործում: Ակնկալում ենք, որ նրանց թիվը կհասնի 500-ի, և աշխարհագրությունը կընդլայնվի»,- ասաց նա:
Արթուր Աղաբեկյանի խոսքով՝ վիճակախաղի խաղարկության ֆոնդում կներառվեն նաև այնպիսի բիզնեսներ, որոնք Արցախի մշակույթի մաս են կազմում:
Վիճակախաղի միջոցով լուծվելիք երկրորդ խնդիրը վերաբնակեցման հարցն է: ԼՂՀ փոխվարչապետը նշեց, որ շարունակելու են հայրենադարձության ծրագիրը, որի մի մասն է վերաբնակեցումն այն տարածքներում, որտեղ մարդկային ռեսուրսի բացակայությունը թույլ չի տալիս նպաստել տնտեսության զարգացմանը: Նպատակ կա Արցախում մոտ 10 հազար հա հող դարձնել մշակովի, այդ տարածքների վրա հիմնել փոքրիկ գյուղաքաղաքներ:
Նշենք, որ մեկ վիճակախաղի տոմսը 2000 դրամ արժե, տպագրվել և շրջանառության մեջ է դրվել 300 հազար տոմս: «Անելու ենք ամեն ինչ, որ 100 տոկոս իրացում լինի: Դա նշանակում է մոտ 600 մլն դրամ գումար, որի 40 տոկոսն ուղղվելու է վերաբնակեցմանը, 50 տոկսը, որպես օրենքի պահանջ, գնալու է խաղարկային ֆոնդ: Խաղարկային ֆոնդը միայն ապրանքով է արտահայտվում՝ դրանք ձեռագործ գորգերն են, բնակարաններ Ստեփանակերտում, տուրիստական ուղեգրեր դեպի Արցախ»,- ասաց Աղաբեկյանը:
Այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը հոկտեմբերի կեսին կհստակեցնի այն ցանկը, որը ներառվելու է խաղարկության ֆոնդի մեջ:
Արթուր Աղաբեկյանը նաև նշեց, որ վիճակախաղի տոմսերը հիմնականում վաճառվում են Հայաստանում: Խնդիր է դրված 2014 թվականին շրջանառության մեջ դնել մոտ մեկ միլիոն վիճակախաղի տոմս:
Ռոզա Հովհաննիսյան