www.tert.am ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանն իրեն մեղավոր է ճանաչել Նոր Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարի համար, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել, հայտնում է ԻՏԱՐ ՏԱՍ-ը:
«Հարությունյանն այսօր ցուցմունք է տվել քննիչին՝ ընդունելով մեղքը ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար:
Ցանկանալով խուսափել խաչմերուկի առջևում արգելակող և կանգնած մեքենաների հետ բախումից, ու որպես հետևանք ՝ բազմաթիվ զոհերից, նա սխալ որոշում է կայացրել՝ դուրս գալ հակառակ գիծ, որը դատարկ էր եղել: Հարությունյանը հայտնել է, որ խճաքարով լցված «ԿամԱԶ»-ը չի արձագանքել, երբ սեղմել է արգելակման ոտնակը, իսկ քանի որ ճանապարհը թեք էր, ընթացքը միայն արագանում էր», - մանրամասնել է նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
Ապա նշել, որ նման ճանապարհի վրա խափանված արգելակներով մեքենան այլ կերպ կանգնեցնել հնարավոր չէ, դրա համար էլ վարորդը որոշել է շուռ տալ մեքենան խաչմերուկի սկզբում, քանի որ այնտեղ ազատ տարածք է եղել և մեքենաներ չեն եղել: Նրան փաստացի հաջողվել է դա, սակայն չի հաջողվել խուսափել ավտոբուսի հետ բախումից: Հարությունյանը ավտոբուսը տեսել է վերջին ակնթարթում, երբ «ԿամԱԶ»-ի անիվներն արդեն օդում են եղել: Մինչ այդ նրա տեսադաշտը փակել է խաչմերուկի մոտի բնակելի շենքը:
Մարգարյանը նշել է նաև, որ Հարությունյանը անկեղծորեն զղջում է կատարվածի համար, հասկանում զոհերի հարազատների վիշտը, քանի որ ինքն էլ մեկ տարի առաջ որդի է կորցրել: Նա նաև ներողություն է խնդրել, ասել, որ հասկանում է՝ ոչ մի կերպ չի կարող հարթել մեղքը:
Հուլիսի 13-ին Պոդոլսկում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհվել էր 18 մարդ, 60-ը վնասվածքներ էին ստացել:
46-ամյա Հարությունյանին մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում: