«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՕԵԿ ղեկավար, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի մոտ անձի երկվություն է սկսվել։ Նախօրեին նա «Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարի եթերում փորձել է հիմնավորել, թե ինչու ՀՀ-ն պետք է անդամակցի Մաքսային միությանը, որոնք են դրա դրական կողմերը, և ինչու է ինքը կողմ այդ գաղափարին։ Բայց մյուս կողմից նա ասել է, թե ինքը շարունակում է պնդել դեռ 2005թ. արած իր սկանդալային հայտարարությունը. «ՀՀ ապագան ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն է»։
Հիշեցնենք, որ այս խոսքերից հետո Բաղդասարյանը ստիպված հրաժեշտ տվեց Աժ նախագահի պաշտոնին։ Եվ ահա հիմա՝ 2013թ. սեպտեմբերին, նա էլի կրկնում է «փորձանք դարձած» իր խոսքերը. «Իմ դիրքորոշումները երբեք չեն փոխվել։ Որպեսզի մենք ունենանք ազատ, դեմոկրատական երկիր, մենք պետք է Եվրոպական արժեքները ներմուծենք հայկական իրականություն։
Այո՛, Եթե մենք ուզում ենք բազմաֆունկցիոնալ անվտանգության համակարգ ստեղծել, մենք անպայման պետք է ՆԱՏՕ-ի հետ համագործակցենք։ Առանց դրա հնարավոր չէ...»։ Այսքանից հետո Բաղդասարյանն ասել Է. «Չի կարող լինել՝ երկրի վարչապետը լինի դեմ (Մաքսային միությանը-խմբ.) ու շարունակի լինել վարչապետ... Եթե պաշտոնյան համաձայն չէ ՀՀ քաղաքական կուրսի հետ, կարող է այդ մասին հրապարակավ հայտարարել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ»»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: