Սեպտեմբերի երկրորդ կեսին սպասվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, որը, սակայն, չի կայանա: Որքան մեզ հայտնի է՝ Պուտինը շատ վաղուց արդեն չի այցելել նաև Կրասնոդարի երկրամաս և Կալինինգրադի մարզ: Սեփական մարզերում հաճախակի շրջելու սովորություն Պուտինը չունի, բացառությամբ այն դեպքերի, երբ նա գնում է որսի կամ վայելում է այս կամ այն նահանգին բնորոշ էքստրեմալ հաճույքները: Ռուսաստանը անծայրածիր երկիր է՝ հաճելի ժամանց կազմակերպելու բոլոր հնարավորություններով, այդ առումով «հայկական կայֆերը», հավանաբար, Պուտինին չեն ձգում: Իսկ այն, որ պուտինյան Ռուսաստանը Հայաստանին չի տարբերում իր սովորական երկրամասերից՝ ակնհայտ փաստ է:

 

Եթե հաշվի առնենք, որ ցանկացած նախագահի խորհրդականի շուրթերով խոսում է հենց ինքը՝ նախագահը, արդեն կարելի է վստահ ասել, որ Հայաստանի սուվերենության հարցը ծալած և գրպանը դրած Պուտինը այլևս Երևան գալու պատճառներ չունի: Իսկ այն, որ նա Հայաստանը իսկապես չի տարբերում ռուսական մարզերից՝ Վլադիմիր Վլադիմիրովիչը հայտարարել է իր խորհրդականի՝ Սերգեյ Գլազևի շուրթերով, որը պատասխանելով Մաքսային միության հետ Հայաստանի սահման չունենալու և այդ հեռանկարում անդամակցության նպատակահարմարության մասին հարցին՝ ընդգծել է, որ Ռուսաստանի Կալինինգրադի մարզը ևս Մաքսային միության հետ ընդհանուր սահման չունի: Լրագրողի այն հարցին, թե Հայաստանը ոչ թե Ռուսաստանի մարզն է, այլ առանձին պետություն, Գլազևը պատասխանել է, որ Ռուսաստանի համար կարևոր չէ՝ մարզ է դա, թե պետություն, կարևորը ընդհանուր միասնական մաքսային տարածքն է: Մարդը բաց տեքստով հասկացնում է, որ Մաքսային միություն մտնող երկրի սուվերենությունը անկարևոր փաստ է Ռուսաստանի համար, հետևաբար որևէ պետական այցի մասին խոսելը առնվազն միամտություն է: Գլազևի հայտարարությունն անգամ Գալուստ Սահակյանին է հունից հանել, ով ասել է. «Ամեն դուրսպրծուկ չէ, որ բան պիտի ասի հայերին, և միշտ մտածեք, որ Հայաստանի անկախությանը որևէ միջոց չի կարող լինել, որ մեր կշիռները ցածրացնենք մեր անկախությունը տանելու հետ: Նախ՝ Կալինինգրադը թող իրենց գլխին կպչի, իսկ հայը հայամետ է և Հայաստանի շահերը պաշտպանող»: ՀՀԿ-ի խոհափիլիսոփան երևի մոռացել է, որ մի քիչ ուշացել է այդ խոսքերն ասելու համար...

 

Թերևս ավելորդ չէ հիշեցնել Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա մեկնելու օրը հրապարակված իմ հոդվածի վերջին հատվածը, որը արժանացավ ռազմահայրենասիրական ֆեյքերի և իրական դեմքով ֆեյքոտ մտավարժիչների բուռն գրոհին. «Փաստորեն, մենք հնարավորություն չունեինք խաղալու ո՛չ «և-և», ո՛չ էլ «կամ-կամ»: Գործընթացը ընթացավ դասական հայկական ժողովրդավարության ձևով՝ մեր փոխարեն արդեն քվեարկել էին: Մեզ, ըստ էության, հնարավորություն է տրված որոշելու՝ անդամակցել Կրասնոդարի երկրամասին, թե՞ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետությանը: Հակառակ դեպքում, ըստ ամենայնի, մեզ կուղարկեն Սիկտիվկար»...

 

Հիմա ի՞նչ կասեք, պարոնայք...

 

Վարուժան Բաբաջանյան