«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն այսօրվա խմբագրականում գրում է.

«Իրոք որ բանանային երկիր ենք. բավական էր մի անորոշ հայտարարություն հնչեր Մաքսային միությանն անդամագրվելու մասին, և ամեն ինչ սկսեց կայծակնային արագությամբ փոխվել: Տարբեր եվրոպական կառույցներից ու եվրոպական երկրների դեսպանատներից հայտարարություններ հնչեցին՝ իշխանությունների վարքը դատապարտող, ինչպես երեկ ակտիվիստների նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին ԱՄՆ դեսպանատան հայտարարությունն էր: Սկսեց փոխվել պետական ու պետականամետ լրատվամիջոցների կողմից տարածվող քարոզչությունը. առաջին պլան մղվեցին ռուսաստանյան նորությունները, Վլադիմիր Պուտինի հանդիպումների ու քայլերի մասին տեղեկատվությունը սկսեց գերազանցել անգամ մեր տեղական լուրերին:

 

Սկսեցին աջ ու ձախից հնչել «ուռա, ընկերներ», «սովետն ամենալավ երկիրն էր», «մեր փրկությունը ռուսների կողքին լինելն է» տիպի հայտարարություններ: Ընդ որում, վերջին տարիներին մի քիչ նվազած ռուսամետությունը միանգամից գլուխ բարձրացրեց:

 

Մոռացվեցին Հրաչյա Հարությունյանի դեպքն ու ծաղկավոր խալաթի պատմությունը: Բոլորն սկսեցին խոսել Ղարաբաղի ու մեր անվտանգության մասին: Եվ ստրկական վախի ու կոմունիստական հիացմունքի տարափի ներքո հանկարծ պարզվեց, որ Սերժ Սարգսյանն ամենաիմաստուն որոշումն է կայացրել, և մենք, իհարկե, պետք է մտնեինք նոր Ռուսաստանի կազմի մեջ: Ամբողջ ցավն այն է, որ այս գաղափարը կրողները մոռանում են.

1. Ռուսաստանն առաջվանը չէ, և այն պետք չէ շփոթել Սովետական Միության հետ:

2. Աշխարհն առաջվանը չէ և ոչ ոք թույլ չի տա, որ «չարիքի կայսրությունը» վերականգնվի՝ դա կլինի նախկին ծաղրապատկերը. շատ ավելի թույլ ու խեղճ, բայց գրեթե նույն ամբիցիաներով ու վնասակարությամբ: Եվ վերջապես

3. անկախություն տեսած ու ազատ ապրած սերնդին հնարավոր չէ նորից գաղութացնել: