tert.am Ռուսաստանի քաղաքացի, Գրոզնիի բնակիչ Յուսուֆ Լակաևը ձերբակալվել է Վրաստանի իրավապահ մարմինների կողմից՝ Բաթումի քաղաքում տեղի ունեցած կրակոցներից հետո, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով «Рустави-2» հեռուստաընկերությանը։
Հեռուստաընկերությունը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին, հայտնում է, որ տեղեկություններ կան ծայրահեղական գործունեությանը կամ ահաբեկչությանը նրա մասնակցության վերաբերյալ։
ՆԳՆ-ն տեղեկություններ է ունեցել այն մասին, որ անօրինական ճանապարհով երկիր է մուտք գործել ոմն քաղաքացի, որը թաքնվել է ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Ֆիրուզ Ցուլուկիձեի մոտ։
Սեպտեմբրի 13-ին իրավապահ մարմինները կանգնեցրել են Ցուլուկիձեի մեքենան՝ փաստաթղթերը ստուգելու համար։ Մեքենայում այդ պահին գտնվել են Ցուլուկիձեն, նրա մարզիչ Թեմուր Բախունդարիձեն և Լակաևը։
Ոստիկանները պահանջել են փաստաթղթեր, որից հետո Լակաևը կրակել է նրանց ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վիրավորվել է մեկ ոստիկան և պատահական անցորդ։ Ոստիկանությունը պատասխան կրակ է բացել։ Հարձակվողը նույնպես վիրավորվել է։ Մեքենայում գտնվող 3 անձինք ձերբակալվել են։