Tert.am Մանկապղծության դեպքերի հետաքննությամբ զբաղվող ավստրալական հանձնաժողովը Սիդնեյում սկսել է ավելի քան 4.000 երեխայի սեռական բնույթի գործողություններում ներգրավելու վերաբերյալ հանրային լսումները, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Australian-ին։
Առաջին լսումների ընթացքում կքննվեն «Ավստրալիայի սկաուտներ» շարժումում և բնիկների երեխաներին օգնություն հատկացնող շահույթ չհետապնդող կազմակերպությունում մանկապղծության դեպքերը։
Հետագայում հանձնաժողովը կստուգի նաև անչափահասներին սեռական բնույթի գործողություններում ներգրավելու մասին տեղեկությունները կրոնական և շահույթ չհետապնդող կազմակերպություններում, ինչպես նաև պետական հաստատություններում՝ մանկատներ, դպրոցներ։
Հանձնաժողովի նախագահ Պիտեր Մաքքլելանի խոսքով՝ բողոքների մեծ քանակի պատճառով բոլոր դեպքերն առանձին քննել չի ստացվի։ Մանկապղծության զոհերը լսումների ընթացքում կարող են կամ հրապարակային ելույթ ունենալ, կամ փակ լսումների ընթացքում։
Սպասվում է, որ մինչև 2014թ. կեսը հանձնաժողովը կներկայացնի ավստրալական կազմակերպություններում մանկապղծության վերաբերյալ նախնական զեկույց, իսկ 2015-ին՝ վերջնական զեկույց։ Ընդ որում՝ այս մարմինն իրավունք չունի դատել այս կամ այն անձին, այլ կարող է միայն տեղեկություն տրամադրել տեղի իշխանություններին։