Aravot.am  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի երեք տեղակալները տարբեր մարզերում հանդիպումներ են սկսել քաղաքացիների հետ: Վերջիններս 3 օր առաջ այցելել էին Լոռի ու Շիրակի մարզի' լսելու բնակիչներին հուզող հարցերն ու փորձելով տեղում լուծումներ տալ: Նրանք հանդիպեցին նաև տեղի լրատվամիջոցների հետ'մեկ անգամ ևս ներկայացնելով համակարգում 2010 թվականից ընթացող բարեփոխումները ու խոսելով առկա խնդիրներից: Այս կապակցությամբ Կոմիտե նախագահի տեղակալ Ֆելիքս Բաշոյանն ասաց. «2010 թվականին կոմիտեի ղեկավարությունը որոշում կայացրեց, որպեսզի կոմիտեի համակարգում իրականացվեն բարեփոխումներ և 2011 թվականի նոյեմբերին կառավարության նիստի արձանագրությամբ ընդունվեց բարեփոխումների հայեցակարգը:

 

Հայեցակարգի ընդունումից հետո կատարվեց բավականին ծավալուն աշխատանք, այսինքն' մեկ տարվա ընթացքում' մինչև 2012 թվականի հունվարի 1-ը փոխվեց լրիվ իրավական դաշտը, շենքային պայմաններ ապահովեցինք, աշխատակիցների ուսում, վերապատրաստում կազմակերպեցինք, ձեռք բերվեց տեխնիկա, և 2012 թվականի հունվարի 1-ից մենք անցանք գրանցման ավտոմատացված համակարգի: Իհարկե, կատարվեցին նաև ինֆրաստրուկտուրային փոփոխություններ. նախկինում եղած 50 տարածքային ստորաբաժանումների փոխարեն ստեղծվեց 11 տարածքային ստորաբաժանում, ներառյալ նաև Երևան քաղաքը, և նախկին ստորաբաժանումների փոխարեն ստեղծվեցին սպասարկման գրասենյակներ:

 

Դրա միտքն այն է, որ սպասարկման գրասենյակներում դիմում ընդունեին' անկախ գույքի գտնվելու վայրից, օրինակ' ասենք Ղափանում կարող է գույք ունենաս, բայց Ախուրյանում դիմում գրես, որպեսզի ժողովրդի համար գործընթացը հեշտանա, և գրանցումը կատարվի տարածքային ստորաբաժանումներում, և բացառել քաղաքացիների շփումը մեր աշխատակիցների հետ' բացառությամբ դիմումների սպասարկման գրասենյակներում: Դա նպատակ էր հետապնդում նախ քաղաքացիների կողմից իրականացվող գործընթացները հեշտացնելու, 2-րդ նպատակը կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելն է»,- ասաց պաշտոնյան: Aravot.am-ը Ֆելիքս Բաշոյանից հետաքրքրվեց, թե բարեփոխումներից հետո գոնե պակասե՞լ են քաղաքացիների բողոքները: Նա ասաց, որ բարեփոխումներից հետո ոչ միայն զգալիորեն նվազել է բողոքների քանակը ու վերացել են քաշքշուկները, այլ' դատական պրոցեսների քանակը:

 

«Բողոքները շատ են քչացել, բայց, իհարկե, բողոքներ էլի կան, պարզ է, որ բողոքներ պետք է լինեն, այնպես չէ որ միանգամից բոլորը վերացան, տարբեր խնդիրներ, տարբեր հարցեր են լինում, իրար հետ վեճ է լինում'հողի, տան խնդիր է լինում, բայց քանակային առումով զգալի է պակասել, ոչ թե պակասել», -ասաց Ֆելիքս Բաշոյանը: Aravot.am-ը նաև հետաքրքվեց, թե ինչո՞ւ Գյումրու քաղաքապետարանի և կադաստրի պաշտոնյաների ջրերը մի առվով չեն հոսում, Գյումրու քաղաքապետն ու փոխքաղաքապետը անընդհատ ասուլիսներ են հրավիրում ու լրագրողների մոտ բողոքում են կադաստրից: «Դա նորմալ է, իսկ կուզեի՞ք, որ իրար հետ պայմանավորված աշխատեին Գյումրու քաղաքապետն ու կադաստրի պետը», – հարցրեց Ֆելիքս Բաշոյանը:

 

Մեր այն դիտարկմանը, որ բնականաբար չէինք ուզի, նաև չէինք ուզի, որ թշնամական լինեին այս երկու կառույցների հարաբերությունները, պաշտոնյան շարունակեց. «Այդ հարաբերությունները չի կարելի բնութագրել թշնամական, իրար հետ ի՞նչ ունեն, բողոքելն ուրիշ բան է, թշնամությունն' ուրիշ բան»: Այս պաշտոնյան նաև տեղեկացրեց, որ մի քանի ամիս առաջ ինքն անձամբ հանդիպել է Սամվել Բալասանյանի հետ ու երկուստեք եկել են այն համոզման, որ երկու կառույցների վարչությունները, որոնք նույն գործն են անելու, պետք է համագործակցեն ոչ թե թղթատարությամբ, միմյանց պաշտոնական գրություններ փոխանակելով, այլ համատեղ աշխատեն, որպեսզի աշխատանքը ավելի օպերատիվ ու արդյունավետ ստացվի: Ֆելիքս Բաշոյանը խնդրեց, որ մեր այս հարցին պատասխանի նաև կադաստրի Շիրակի տարածքային ստորաբաժանման պետ Արայիկ Առաքելյանը:

 

Վերջինս իր ու Սամվել Բալասանյանի գլխավորած կառույցների հարաբերությունները որակեց նորմալ աշխատանքային և ասաց. «Թշնամական խնդիրներ չեն եղել, զուտ աշխատանքային խնդիրներ են եղել մեր մեջ' ելնելով օրենսդրական, իրավական ակտերի կարգավորումներից: Օրինակ' նոր հարց հնչեց ինքնակամ շինությունների օրինականացման կամ այլ անհատական բնակելի ֆոնդի, որոնց նկատմամբ փաստաթուղթ չի պահպանվել , օրենքի ուժով ճանաչվում է քաղաքացու սեփականության իրավունքը, եղել են դեպքեր, որ մեր կողմից կասեցվել կամ մերժվել է, և ճիշտ իրավական ակտերի չտիրապետելու արդյունքում խնդիրներ են առաջացել: Համայնքի կողմից որոշում է կայացվել, ասենք, կասեցվել է, որովհետև որոշումը թերի է կազմված, չի պահպանվել օրենսդրությունը»:

 

ՀՀ կադաստրի պետական կոմիտեի գույքի գրանցման վարչության պետ Հակոբ Մարտիրոսյանն էլ հավելեց. «Այստեղ փոխադարձ հավասարակշռման ու զսպման մեխանիզմներն են աշխատում, պետք չէ նույնականացնել այս երկու կառույցները, սրանք տարբեր գործառույթներ են իրականացնում: Այո, պետք է կասեցվի, իրենց սխալի համար էլ իրենք պետք է պատասխան տան, դա միանշանակ է, պետք չէ մտածել, որ իրենք ինչ որոշում էլ կայացնեն, պարտադիր պետք է այստեղ գրանցվի, դա դոգմա չէ, որովհետև մարդն ունի օրենքով իրեն վերապահված լիազորությունները և գործում է դրա շրջանակներում: Եվ եթե օրենքների դաշտում գործեն, որևիցե խնդիր չի առաջանա, մի մոռացեք, որ այս համակարգը աշխատում է պետական կառավարման բոլոր մարմինների հետ, ինչո՞ւ միայն քաղաքապետի հետ' մարզպետ, քաղաքապետ և այլն, և այլն, ով քաղաքացիաիրավական որևիցե գործառույթ ունի:

 

Այս հիմնարկի աշխատանքը նաև հասկացեք, որ բարդ է նրանով, որ մենք վերջին օղակն ենք, ինչքան չակերտավոր ասենք աղբ կա, գալիս, լցվում է այստեղ, հիմա դու խնդիր ունես դա զտելու: Դուք պատկերացրեք, եթե այս հիմնարկը չաշխատի նորմալ, ինչ իրավիճակ կստեղծվի, քաոս, էդ շուկան կոլապսի կվերածվի, դրա համար պետք է նաև զսպել: Նորմալ է. նա պետք է մեզ հսկի, մենք' նրան, մենք էստեղ պետք է ասենք, որ նրանք լավ չեն, որովհետև մենք ունենք էդ փաստերը, նրանք էլ միգուցե ունեն ինչ-որ բաներ, որ ասում են' մենք լավ չենք, բայց ընդհանուր ասել մի գործ ենք անում, ես համաձայն չեմ էդ մտքի հետ:

 

Ամեն մեկը ունի իր լիազորությունները, մենք գործում ենք օրենքի անունից, բոլորը պիտի հասկանան մի բան, որ հիմնարկը գրանցելով պաշտպանում, ճանաչում և երաշխավորում է ՀՀ իրավունքը, ձեր բոլորի գրանցման իրավունքը: Պատկերացրեք, էդ ինստիտուտը հանկարծ թուլանա կամ վերանա, կստացվի մի խայտառակ վիճակ, ով երբ ուզի, ինչ ուզի բերի, կգրանցի: Մի մոռացեք, որ կա նաև պաշտոնական ամբիցիա, որ կարող է հանկարծ որոշի, թե ' ես որոշում եմ կայացրել, դու ո՞վ ես, որ չգրանցես»,- ասաց Հակոբ Մարտիրոսյանը:

 

Հեղինակ` Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ