ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզի պատվիրակությանը' նահանգապետ Բորիս Բատուրայի գլխավորությամբ:
Պատվիրակությունը Հայաստանում է' Սյունիքի և Վայոց ձորի մարզերի հետ համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով և անցած օրերին հանդիպումներ է ունեցել մարզային իշխանությունների հետ, ծանոթացել գործակցության ներուժին:
Փոխվարչապետը ողջունել է համագործակցության նախաձեռնությունը' նշելով, որ ՀՀ կառավարությունը խրախուսում է ապակենտրոնացված մակարդակով հարաբերությունների խորացումը և գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի հետ ավանդական բարեկամական կապեր ունեցող Բելառուսի մարզերի հետ համագործակցությունը զարգանում է:
Փոխվարչապետը տեղեկություններ է ներկայացրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ներուժի, տեղերում իրականացվող մեծածավալ ծրագրերի մասին' նկատելով, որ երկու մարզերը հարուստ են նաև պատմամշակութային ժառանգությամբ և զբոսաշրջային մեծ հնարավորություններ ունեն:
Հյուրերը տեղեկացրել են, որ արդեն նախանշվել են համագործակցության որոշ նախագծեր, որոնք կարող են հաջողությամբ կյանքի կոչվել: Նրանք իրենց հայ գործընկերներին նույնպես հրավիրել են Բելառուս' համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները քննարկելու համար: Կողմերը հեռանկարային են համարում գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցությունը: