Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում հրաձգության հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում ասված է.
«Մեծարգո պարոն Նախագահ, Խորապես ցնցված եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում հրաձգության հետևանքով տեղի ունեցած ողբերգության լուրից: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի արարքը, որը մեկ տասնյակից ավելի անմեղ մարդկանց կյանք խլեց' նրանց հարազատների, մերձավորների և ականատեսների կյանքում թողնելով անբուժելի վերք: Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»: