Բյուջեից առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով մեղադրյալների բանակը համալրել են նաեւ Դատական կարգադրիչների ծառայության գլխավոր հաշվապահ, նույն ինքը' ծառայության ֆինանսատնտեսական բաժնի պետ Սաթենիկ Հովհաննիսյանն ու կադրերի բաժնի պետ Նարեկ Գասպարյանը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատական կարգադրիչների մեծածավալ գործով արդեն անցնում է 19 անձ, որոնցից 16-ին, նրանց թվում՝ ծառայության պետին ու նրա տեղակալին, մեղադրանք է առաջադրվել՝ հափշտակություններ կատարելու համար: Եւս մեկ հոգի՝ Դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանը, գտնվում է հետախուզման մեջ, ևս երկուսը կասկածյալներ են:
Ցայժմ դատական կարգադրիչները վերականգնել են 42 մլն. դրամ՝ որպես հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի հատուցում: Իսկ նախաքննական մարմինը զուգահեռ փորձում է պարզել հափշտակված գումարների իրական ծավալները:
Ըստ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկատվության՝ քննիչը նախօրեին որոշում է կայացրել Դատական կարգադրիչների ծառայությունում ստուգումներ սկսել: Դատական կարգադրիչների համակարգում բացահայտված չարաշահումները դրսեւորվել են աշխատավարձերի յուրացմամբ եւ իր ընդգրկմամբ հավակնում է դառնալ սոցիալական չարաշահումների աղմկահարույց գործերից հետո երկրորդը: Քննությամբ բացահայտվել են մի քանի տասնյակ անձինք, ովքեր գրանցված են եղել, սակայն չեն ներկայացել աշխատանքի, իսկ նրանց աշխատավարձերը ստացել ու յուրացրել են նրանց պետերը:
Ընդ որում, չարաշահումներն ընդգրկել են տարբեր ընդհանուր իրավասության դատարանների դատական կարգադրիչների կառույցներ, իսկ «կծիկը» գլորվում ու հասնում է մինչև դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական համակարգ: Մեղադրանքներ են առաջադրվել նաև դատական կարգադրիչների ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին: