Առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու դեպքի առթիվ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահը ձերբակալվել է:
Այս մասին ասացին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Սեքյուրիթի Դրիմ»-ի գլխավոր հաշվապահը ձերբակալվել է, նույն գործի շրջանակում հարուցված 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործի շրջանակում ձերբակալված 3 անձանց մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ»,- նշեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու դեպքի առթիվ ձերբակալվել են նաև «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության սեփականատերերից Ալիկ Զաքարյանը և «Էլիպս» ընկերության հաշվապահ Սահականույշ Սահակյանը:
Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ 178-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործի շրջանակում «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ցուցմունք էր տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից:
Ըստ ցուցմունքի՝ 70 միլիոն դրամից փաստացի ծախսվել է 27 միլիոն դրամը, իսկ 43 միլիոն դրամը յուրացվել ՍՊ ընկերության հիմնադիրների կողմից: