Այս օրերին համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել այն տեղեկությունը, թե «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը Արցախի կառավարության կողմից բացված հաշվեհամարին՝ որպես օգնություն փոխանցել է 41 հազար դրամ։ Ընկերության նկատմամբ առանց այդ էլ եղած բացասական վերաբերմունքը ավելի խորացավ այս տեղեկության հրապարակումից հետո։ Ամեն դեպքում, նշվածը փոքր-ինչ տարօրինակ է, քանի որ անհնար է պատկերացնել, որ նման ընկերությունը, որը մի քանի րոպեում է 41 հազար դրամ «վաստակում» կարող էր Արցախին այդքան գումար փոխանցել։ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը նշեց՝ այդ գումարը փոխանցվել է ընկերության մի քանի աշխատակցի կողմից, իրենք դրա հետ որևէ կապ չունեն։

 

«Դա աշխատակիցներից մի երկու հոգին փոխանցել է, չգիտես ինչու գրել են ընկերության անունը։ Մենք դրա հետ ի՞նչ կապ ունենք։ Ուղղակի ժողովուրդն ընկած սենսացիա է ման գալիս, բռնել դա վերագրել է ընկերությանը։ Դուք ո՞նց եք պատկերացնում 41 հազար դրամ փոխանցենք։ Ձեռնարկությունը կարո՞ղ էր 41 հազար դրամ փոխանցել։ Դա տեխնիկապես էլ անլուրջ է։ Ծիծաղելի գումար է, ընկերությաւնը իրեն թույլ չէր տա նման գումար փոխանցել»,- ասաց Ա. Զաքարյանը։ Վերջինս տեղյակ չէ, թե քանի աշխատող է այս գումարը փոխանցել Արցախին։ «Ես իրենց չեմ հարցնում, դա էթիկապես ճիշտ չէ։ Հիմա մարդը կարող է՝ 100 դրամ է փոխանցել։ Չենք կարող հարցաքննություն կազմակերպել»,- հավելեց նա։ 

 

Մեր հարցին՝ այսքանից հետո ընկերությունը պատրաստվու՞մ է գումար փոխանցել Արցախին, Զաքարյանը պատասխանեց. «Ընկերությունը շատ ու շատ բարեգործական պրոյեկտներ է իրականացնում՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։ Մենք սոցիալական ծրագրերի մեջ ահագին մեծ ներդրում ունենք։ Մենք առաջին տեղում ենք հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքի տեղավորման ծրագրերով, անգամ Վիվա Սելլ-ից ու ԱԻՆ-ից առաջ ենք։ Մենք մշտապես այդ ծրագրերն իրականացնում ենք ընկերության բացման օրվանից։ Նույնն արվում է Արցախի համար, նույն փոխանցումները մշտապես լինում են։ Հիմա կոնկրետ թվեր ես պատրաստ չեմ հրապարակելու, քանի որ դրանք շատ են»։ 

 

Նշենք, որ հիշյալ ընկերությունը զբաղվում է Հայաստանի ճանապարհներին արագաչափեր ու տեսախցիկներ տեղադրելու գործով։ Համագործակցում է Ճանապարհային ոստիկանության հետ։ Ընկերությունը պատկանում է Գուրգեն Մուշեղի Զաքարյանին և Ալեքսան Մուշեղի Զաքարյանին։ Զաքարյան եղբայրները հայտնի են որպես անվտանգության համակարգեր ներկրող «Էլլիպս» ընկերության սեփականատերեր: