Երեկ՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության բաժնի քննիչ Դավիթ Գևորգյանը միջնորդությամբ դիմել է Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանք ընտրի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ 28-ամյա Գևորգ Հակոբյանի նկատմամբ: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարեց քննիչի միջնորդությունը, և Գ. Հակոբյանը տեղափոխվեց Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 29-ին Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Հակոբ Պետրոսյանի կողմից ձերբակալվել էր Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ 28-ամյա Գևորգ Հակոբյանը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Հակոբյանը Ազգային Ժողովի պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կլեոպատրա» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահն է, ինչպես նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի Երևանի «Քիմիադեղական» գործարանի գլխավոր հաշվապահը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր. Օր.-ի 34 (Հանցափորձը), 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Սպանությունը երկու կամ ավելի անձանց) հատկանիշներով: Գ. Հակոբյանը տեղափոխվել էր Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, իսկ հարուցված քրեական գործը ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնից փոխանցվել է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչություն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գ. Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 34 (հանցափորձը), 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 120 հոդվածի (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 01:40-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ դեմքի և ճակատի մասերում հրազենային վնասվածքներով իրենց մոտ էին տեղափոխվել 2 հոգի: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը Նոր Նորքի ոստիկանապետ Սամվել Խմելյանի, ինչպես նաև քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանի, նույն քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Հրաչ Ղազարյանի ու ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ պարզել են, որ հրազենային վնասվածքներ ստացած անձիք Ավանի 7-րդ փողոցի բնակիչներ, 24-ամյա Արտյոմ Ալեքսանյանն է և 25-ամյա Ռոբերտ Հովսեփյանը: Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Ավանի 7-րդ փողոցից: Դեպքի վայրում ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է որսորդական հրացանից կրակված 2 պարկուճ, արյան հետքեր և արյունոտված սրբիչ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էին 2-րդ բաժանմունքի պետ Հրաչ Ղազարյանը և նույն քննչական բաժնի քննիչ Հակոբ Պետրոսյանը: Ֆոտոլրագրողը հայտնել է, որ դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետները: Հանցագործությունը բացահայտելու նպատակով ստեղծվել են օպերատիվ քննչական խմբեր, քանի որ դեպքի վայրում բնակվողները հայտարարում էին, որ ոչ մի աղմուկ և կրակոցի ձայն չեն լսել, սակայն ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի, ոստիկանության Ավանի բաժանմունքի և Նոր Նորքի քննչական բաժնի աշխատակիցները մինչև լուսաբաց պարզում էին իրականությունը ու Աբովյան քաղաքից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Նոր Նորքի ոստիկանություն են բերման ենթարկել Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչներ 28-ամյա Գևորգ Հակոբյանին և 25-ամյա Հովիկ Հակոբյանին: Սկզբում եղբայրները հերքում էին, որ իրենք եղել են նշված փողոցում, սակայն հետո՝ փաստերի ճնշման տակ, խոստովանել են ու Նոր Նորքի քննչական բաժնի քննիչների բացատրական աշխատանքի արդյունքում Գ. Հակոբյանը ներկայացրել է նաև որսորդական հրացանը, որով կրակոցներ էր արձակել վիրավորների ուղությամբ: Գ. Հակոբյանը Նոր Նորքի ոստիկաններին է ներկայացրել արդեն որսորդական հրացանը, որը նա թաքցրել էր Նոր Նորքի վարչական շրջանում ապրող իր աներոջը պատկանող Սաֆարյան 16 շենքի դիմացի ավտոտնակում: Քննիչ Հ. Պետրոսյանի կողմից հրացանն առգրավվել էր: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ իր տեղեկություններով, Հովիկ Հակոբյանը աշխատում է «Գոլդեն Գլաս» ՍՊԸ-ում՝ որպես կոմերցիոն տնօրեն, իսկ Գևորգ Հակոբյանը՝ «Կլեոպատրա» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ, ինչպես նաև՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի՝ Երևանի քիմիադեղական գործարանի գլխավոր հաշվապահ: Ֆոտոլրագրողը հայտնել է, որ նշված ընկերությունները պատկանում են Ազգային Ժողովի պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Գ. Շամշյանը հայտնել էր, որ հնարավոր է՝ քննության ընթացքում քրեական հոդվածները վերաորակվեն, անգամ հարուցվի քր.գործ՝ 2 և ավելի անձանց սպանության փորձի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հանցագործությունը ծագել էր կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վեճի պատճառով: Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են նաև Hyundai Sonata մակնիշի 22 PP 303 համարանիշի և Лада Приора մակնիշի 303 PP 22 համարանիշի ավտոմեքենաները, որոնք տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնեց նաև, որ նշված փաստի առթիվ հարուցված քրեական գործը վերաորակվել է 34-104 հոդվածի (հանցափորձ. սպանությունը) հատկանիշներով:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի