Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Արտյոմ Շոխոյանը միջնորդություն է ներկայացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի «Յոնջլախցի Նորո» մականվամբ Երևանի բնակիչ, 45-ամյա Նորայր Ղազարյանի նկատմամբ։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ՝ դատավոր Մխիթար Պապոյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը և Յոնջլախցի Նորոն, ով կասկածվում է ապօրինի զենք կրելու և սպանություն կատարելու մեջ, կալանավորվեց։
Նրան դատարանից տեղափոխեցին Նուբարաշենի բանտ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 30-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Արսեն Վարդանյանի կողմից ստեղծված քննչական խմբի անդամ, ավագ քննիչ Արտյոմ Շոխոյանի որոշմամբ ձերբակալվել էր Երևան քաղաքի բնակիչ, 45-ամյա Նորայր Ղազարյանը:
Վերջինս նախկինում մի քանի անգամ դատված է եղել և քրեական աշխարհում հայտնի է «Յոնջլախցի Նորո» մականվամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վերջինս կասկածվում էր այս տարվա սեպտեմբերի 2-ին, ժամը 21:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Թթու Ջուր գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Գևորգյանին մի խումբ անձանց հետ սպանելու մեջ:
Նշված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի 19 տան բնակիչ Արտակ Հայրապետյանը, ով նույնպես կասկածվում էր Վ. Գևորգյանի սպանությանը մասնակցություն ունենալու մեջ:
Յոնջլախցի Նորոյին սպանության հաջորդ օրը Մալաթիայի ոստիկանները տեղափոխել էին ոստիկանություն, սակայն հետո ազատ էին արձակել, մինչդեռ եղել էին փաստեր, որ նա ոչ միայն մասնակից էր եղել սպանությանը, այլև հրահրել էր:
Ոստիկանները բավարարվելով Ա. Հայրապետյանի կցկտուր խոստովանական ցուցմունքներով՝ Յոնջլախցուն ազատ էին արձակել:
Մալաթիայի քննիչները հսկայածավալ քննչական գործողություններ էին կատարել և ձեռք բերել նոր ապացույցներ, այդ թվում՝ փորձագետի եզրակացություն, որից հետո քննիչը որոշում էր կայացրել Յոնջլախցի Նորոյին որպես վկա հրավիրել քննչական բաժին:
Մանրամասները՝ Shamshyan.com