Panorama.am «Երևի ախորժակը ուտելիս է բացվում»: Այսպես էր ֆեյսբուքյան իր էջում արտահայտվել Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը «Սիթի փարկինգ սերվիս» ընկերության մասին' դժգոհություն հայտնելով, որ «Երևանի ամբողջ կենտրոնը կարմիր գծերի հուլունքաշար է, աստիճանաբար «օկուպացվում» են երկրորդական, երրորդական փողոցները, նրբանցքները…Մնում է մտնեն շենքերի բակեր, գծանշեն ավտոտնակների դիմացը…»:

 

Ապա Մելքոյանն ընդգծում է, որ ««աբուռն» էլ լավ բան է, գոնե դպրոցների, մանկապարտեզների, եկեղեցիների, թանգարանների, պատկերասրահների, մանկական սրճարանների, համանման օբյեկտների մոտ մի գծեք…Կարծես համը հանում եք արդեն…»: Նախկին փոխոստիկանապետի դժգոհություն արտահայտող գրառման ներքո մեկնաբանություններ ու նույն ընկերության վերաբերյալ դժգոհություն հայտնող գրառումներ թողեցին բազմաթիվ օգտատերեր' հույս հայտնելով, որ ընկերությունը կվերանայի իր գործելաոճը:

 

Քաղաքացիների մտահոգությունների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանի հետ:

 

Նրա խոսքով, այս պահին վճարովի կայանատեղիների գործընթացը դեռ Կենտրոն վարչական շրջանում չի ավարտվել:
«Պայմանագիրը կնքելուց հետո վեց ամիս ժամկետում մենք պարտավոր ենք ապահովել 10 հազար ավտոկայանատեղի, ևս վեց ամիս անց' նորից 10 հազար կայանատեղի: Մինչև տարեվերջ պետք է մոտ 15 հազար կայանատեղի ապահովել, որպեսզի կարողանան կատարել պայմանագրի պահանջները»,-ասաց Վ. Հարությունյանը:

 

Ներկա պահին ամբողջ կահավորումով 7-8 փողոցում են աշխատանքներն ավարտվել: Մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտել աշխատանքները Կենտրոնում, իսկ հաջորդ տարի դրանք սկսել այլ վարչական շրջաններում:
Հնչած այն առաջարկին, թե կրթական ու մշակութային հաստատությունների մոտ գոնե կարմիր գծեր չլինեն, Վ. Հարությունյանն արձագանքեց. «Բայց կա՞ նման մի տեղ, որ մենք գծել ենք: Չի կարող նման բան լինել»:

 

Նշենք, որ Panorama.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է, որ բուհերի, դպրոցների, մշակութային շենքի մուտքի հենց դիմաց կարմիր գծեր չկան, իսկ մի քիչ այն կողմ գծեր' ինչքան ուզեք:

 

«Դիմացի մայթը դպրոցին չի պատկանում, պատկանում է շենքին: Բայցի այդ, այդ ամենը կանոնակարգում է ոչ թե «Փարկինգ Սիթի Սերվիսը», այլ կառավարության որոշմամբ, որտեղ կարելի է գծել, որտեղ' ոչ»,-ասաց ընկերության տնօրենը:

 

Ինչ վերաբերում է հետվճարային համակարգի բացակայության վերաբերյալ առկա դժգոհություններին ու հետագայում դրա ներդրման հնարավորությանը, ապա Վ. Հարությունյանն ասաց, որ իր ղեկավարած ընկերությունը ոչինչ որոշել չի կարող:

 

«Որոշումները կայացնում են քաղաքապետարանը, ավագանին, «Փարկինգ սիթի սերվիսը» որոշումներ ընդունող չէ, այն որոշումներ կատարող է: Ինչպես որ որոշումներն ընդունված են, այնպես էլ ընկերությունը կազմակերպում է»,-ասաց նա:

 

Հնարավո՞ր է ընկերությունն առաջարկի քաղաքապետարանին' ներդնել հետվճարային համակարգ, Հարությունյանն ասաց, որ իրենք ոչ էլ առաջակություն ներկայացնող են, ընկերությունը առաջարկ անելու գործը թողնում է քաղաքացիներին, ասում է, ընդունվելու դեպքում, իրենք կկատարեն:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե սեպտեմբերի մեկից մինչ օրս քանի ավտոմեքենայի սեփականատեր է տուգանվել, ընկերությունից ասացին չեն կարող նման թիվ հրապարակել, հիմնավորեցին, թե տուգանողն իրենք չեն, իրենք միայն դրա համար բավարար ապացույցներ ներկայացնողն են:

 

Ընկերության տնօրենն ասում է, որ իրենց նախատեսած եկամուտը չեն կարող ստանալ. «որովհետև տեսնելով տարբեր գործոնների ազդեցությունը, բոլոր մեր կանախտեսումները չիրականացան, օրինակ գումարների հավաքագրման պրոցեսին մի շարք գործոններ խանգարեցին, հենց միայն այն, որ հսկողությունը սկսվեց իրականացվել սեպտեմբեր ամսին: Ներկա պահին մենք վնասով ենք աշխատում, ու դեռ հայտնի չէ, մինչև երբ»:

 

Վ. Հարությունյանի ներկայացմամբ, այս պահի դրությամբ ընկերությունը 3 մլն դոլարի ներդրում է կատարել, ևս 2 մլն-ի կանի մինչև տարեվերջ, 2014-ի ընթացքում նախատեսել են իրականացնել ևս 5 մլն դրամի ներդրում, ընդհանուր առմամբ ընկերությունը կատարելու է 15 մլն դոլարի ներդրում: