«Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն 2012 թվականից Երևանում իականացնում է ավտոկայանատեղիների կազմակերպում, քաղաքի փողոցները տեսանկարահանող սարքերի, ճանապարհային նշանների, գծանշումների տեղադրում, ավտոկայանատեղիների տուրքի հավաքագրում և այլն։ Ընկերությունը հանրության շրջանում առավել հայտնի է որպես կարմիր գծանշումներ անող և քաղաքի բոլոր հատվածները վճարովի կայանատեղ դարձնող ընկերություն։ Այլ կերպ ասած՝ «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության հայտնվելուց ի վեր, Երևան քաղաքում ոչ մի տարածք առանց կարմիր գծերի և տեսանկարահանող տեսախցիկների անհնար է տեսնել։

 

Սակայն, այսօր կխոսենք ոչ թե կարմիր գծերի կամ դրանց տուգանքների մասին, որոնց մասին ամեն օր ու ամեն ժամ է խոսվում, այլ ընկերության կողմից մայրաքաղաքի տարբեր փողոցներում տեղադրված տեսախցիկներից։


Այդ տեսախցիկները տեղադրվեցին, որպեսզի վճարովի կայանատեղիներում բացառվեն «անօրինական» կայանումները։ Այն, որ մայրաքաղաքի ամեն սանտիմետի վրա առկա տեսախցիկները մարդու անձնական կյանքի գաղտնիության խախտում է, ահազանգել են շատերը։ Բայց այն, որ հիշյալ ընկերությունը տեսանկարահանումներն օգտագործում է այլ նպատակներով, չէինք կարող անգամ պատկերացնել։ԼՈՒՐԵՐ.com-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը տեսանկարահանումներն օգտագործում է այլ նպատակներով, տրամադրում է այլ ընկերությունների։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սակայն, այս պահին դեռ հստակ փաստով չեն կարող ապացուցել ասվածը։

 

ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց նախ «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունից մեկնաբանություն ստանալ։ Ընկերության աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք տեսաերիզը չեն տրամադրում որևէ ընկերության։ «Բայց եթե քաղաքացին ցանկանում է ձեռք բերել տեսաերիզը, ապա այդ դեպքում պետք է դիմի քաղաքապետարան ու այնտեղից ձեռք կբերի։ Քաղաքապետարանն է տրամադրում։ Մենք չենք տրամադրում»,- ասաց աշխատակցուհին։ Մեր հստակեցնող հարցին՝ այսինքն, բոլո՞ր տեսանյութերն իրենք տրամադրում են քաղաքապետարանին, վերջինս էլ այն տնօրինո՞ւմ է, դրական պատասխան տվեց։ Սպանությունների, ավտովթարների և այլ պատահարների դեպքում ևս տվյալ տարածքի տեսախցիկների տեսաերիզը ձեռք բերելու համար պետք է դիմել Երևանի քաղաքապետարան։

 

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց, որ իրենք այլ ընկերությունների տեսանկարահանումներ են տրամադրում։ «Ոչ, տեսանկարահանումները միայն տրամադրվում են խախտում կատարողին և եթե անհրաժեշտություն է առաջանում իրավապահ մարմինների համար, այդ դեպքում է տրամադրվում։ Մնացած ոչ մի դեպքում ոչ մեկին չի տրամադրվում, անգամ ապահովագրական ընկերություններին։ Իրավապահ կառույցները տեղադրված տեսանյութերի նկարահանումներն անհրաժեշտության դեպքում իրավունք ունեն վերցնելու»,- հավելեց Գևորգյանը։

 

Փորձեցինք Հայաստանում գործող մի քանի խոշոր ապահովագրական ընկերություններից ճշտել՝ իրենք պատահարների դեպքում տվյալ տարածքի նկարահանման տեսաերիզը «Փարթինգ սիթի սերվիս» ընկերությունից կարո՞ղ են վերցնել։ Մի քանի ապահովագրական ընկերություններ հրաժարվեցին հարցին պատասխանելուց։ Իսկ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը մեր հարցմանն ի պատասխան հայտնեց՝

 

«Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1000-րդ հոդվածի՝ 1. «Ապահովագրական պատահարի առաջացումից հետո ապահովագրական ընկերությունն իրավունք ունի դիմելու անկախ փորձագետների (այդ թվում արտասահմանյան)՝ ապահովագրական դեպքի պատճառները բացահայտելու և վնասի չափը ճշտելու համար, ինչպես նաև ապահովագրական հատուցման չափը որոշելիս հիմնվել այդ եզրակացությունների վրա։ 2. Պետական մարմինները, կազմակերպությունները և բոլոր այն անձինք, ովքեր տիրապետում են ապահովագրական պատահարի վերաբերյալ տեղեկատվության, պարտավոր են ապահովագրական ընկերությունների պահանջով տրամադրել ապահովագրական պատահարի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն՝ բացառությամբ պետական, բանկային, առևտրային գաղտնիք կազմող և օրենքով սահմանված այլ գաղտնի տեղեկատվության։ Վերոհիշյալ իրավական նորմից ուղղակիորեն բխում է, որ ապահովագրական ընկերությունները կարող են դիմել ցանկացած՝ այդ թվում «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությանը՝ այս կամ այն ապահովագրական պատահարներն անձամբ հետաքննելու և պատահարի պատճառներին ու հանգամանքներին ավելի հստակ տիրապետելու համար»։


Ստացվում է՝ ապահովագրական ընկերությունները չլինելով իրավապահ մարմին, ցանկացած պահի կարող են դիմել այս կամ այն ընկերության, կամ քաղաքապետարանին և ստանալ մայրաքաղաքում տեսանկարահանող սարքերի տեսաերիզներ, որոնց մեջ կան մարդու անձնական կյանքին վերաբերող տվյալներ։ Իսկ «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունը մայրաքաղաքում տասնյակ տեսախցիկներ ունի տեղադրած և սա մեկ փոքրիկ օրինակ է, թե ինչպես են օգտագործվում մարդու անձնական տվյալները։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանում մարդու անձնական կյանքի գաղտնիությունը կարելի է հեշտությամբ շրջանցել, անտեսել, քանի որ օրենսդրական բացը և եղած հակասությունները դրանք միանգամայն թույլ են տալիս: 


Քրիստինա Աղալարյան