Ինչպես հայտնի է, Գյումրու «Մուշ-2» թաղամասի շինաշխատանքները վերջերս դադարեցվել էին: Իսկ քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով գտնվում էր Շիրակի մարզում, նաև Գյումրու քաղաքապետի, Շիրակի մարզպետի և քաղաքաշինության նախարարի մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց, ապա դրանից հետո հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ առաջին իսկ հարցը վերաբերում էր այդ խնդրին:
Արձագանքելով հարցին քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն ասաց, որ շինարարական աշխատանքները արդեն մի քանի օր է սկսված են և այդ մասին զեկուցվել է նաև հանրապետության ղեկավարին.
«Լրացուցիչ այդ աշխատանքների շրջանակում բնակարաններով կապահովվի 425 ընտանիք»,- տեղեկացրեց նախարարը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչումն էր խնդիրը, որ դադարեցվել էին աշխատանքները, Ս.Թադևոսյանը նախ նշեց, թե այժմ իրականացվում են լրացուցիչ շինարարական աշխատանքներ (լրացուցիչ կառուցվելիք բնակարանների շինարարությունը կավարտվի 2014թ-ի առաջին կիսամյակում): Իսկ խնդիրն էլ նրանում էր, որ, ինչպես հայտնի է, կառավարության համապատասխան որոշմամբ բնակբաշխման ժամկետ էր սահմանվել մինչև 2011թ-ը, սակայն հետագայում մարզպետարանի առաջարկությամբ կառավարությունն ընդառաջել է և շահառուների ճանաչման և փաստաթղթերի ներկայացման գործընթացի ժամկետները երկարացվել են.
«Ուստի դրանից ելնելով լրացուցիչ վերագծման խնդիր առաջացավ: Նախագծման աշխատանքներն ամբողջությամբ «Գլենդել Հիլզն» ավարտել է և աշխատանքներն, ինչպես ասացի, մեկնարկել են»,- նշեց նախարարը:
Հատկապես Գյումրիի լրագրողների պնդումներին, թե այդուհանդերձ շինհրապարակում որևէ աշխատանք չի տարվում, իսկ այսօրվա աժիոտաժն էլ ավելի շատ ցուցադրական էր, քանի որ նախարարը պետք է այցելեր, Ս.Թադևոսյանը փորձեց լրագրողներին հավաստիացնել, թե երբ ինքն այցելել է շինհրապարակ, այդ թվում և այսօր, ականատեսն է եղել շինարակական աշխատանքների.
Panorama.am «Աշխատանքներ, այո, իրականացվել են, բայց առաջնահերթը ընկերությունը իրականացնում է այլ շինարակական աշխատանքներ»,- խոստովանեց նա:
Այլ շինաշխատանքի տակ նախարարը նկատի ուներ օդածխատար համակարգի վերափոխման աշխատանքները, ավելի կոնկրետ' ծխատար խողովակների փոփոխումը, որոնք տարվում են ողջ թաղամասով մեկ:
Վերադառնալով հիշատակված խնդրին, նախարարը հավաստիացրեց, որ այդ աշխատանքները կավարտվեն մինչև նոյեմբերի 1-ը, այսինքն մինչ ցրտերի ընկնելը (թեև լրագրողների պնդմամբ' «Գլենդել Հիլզը» ավելի երկար ժամկետ է հնչեցրել գործընթացի համար): Եվ միակ խնդիրը, ըստ նախարարի, ոչ թե դա է, այլ բնակիչների բնակարաններով ապահովման խնդիրը, այսինքն' բնակարանները բացվեն և այդ աշխատանքները ավարտվեն, և այս մասով հանձնարարական է հնչեցրել նաև երկրի ղեկավարը:
Ինչ վերաբերում է խորհրդակցության ընթացքին ու հատկապես այն հարցին, թե ի՞նչ հանձնարարական է դրա ընթացքում հնչեցրել Սերժ Սարգսյանը կամ գուցե դժգոհել որևէ բանից, Շիրակի մարզպետ Ֆելիկս Ցոլակյանը տեղեկացրեց, որ դժգոհություն, որպես այդպիսին, նախագահը չի արտահայտել, բայց կոնկրետ պահանջ է դրել.
«Նախագահը կոնկրետ պահանջ է դրել'տնակային տնտեսությունները վերացնել: Մարդիկ, որոնք բնակարան են ստանում, անպայման պետք է ազատեն տնակները, և սա է խնդիրը, որ նախագահի կողմից մատնանշվել է»,- շեշտեց Ֆ.Ցոլակյանը: