Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից:
Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՌԴ Նախագահի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Սերժ Ազատի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
Ձեր երկիրը նշանակալի հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային զարգացման արդիական հարցերի լուծման գործում: Աճում է Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում:
Պատմական խորը արմատներ ունեցող ռուս-հայկական հարաբերություններն այսօր հասել են դաշնակցային գործընկերության մակարդակին և շարունակում են ակտիվորեն զարգանալ: Դա, մասնավորապես, հաստատեցին Մոսկվա Ձեր վերջերս կատարած այցի արդյունքները:
Վստահ եմ, որ մենք համատեղ ջանքերով կապահովենք երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրի հետագա ամրապնդումը, կառուցողական փոխգործակցության ընդլայնումը տարբեր բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Մաքսային միությանը Հայաստանի միանալու համատեքստում: Դա, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերին:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և նոր հաջողություններ, իսկ Ձեր հայրենակիցներին՝ երջանկություն և բարգավաճում»: