aravot.am Ինչպես հայտնի է Սերժ Սարգսյանի` Գյումրի կատարած այցի ժամանակ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Ամենափրկիչ եկեղեցու փակ մուտքից դուրս գալով, կտրել էր նախագահի ճանապարհը' նրան իր կողմից կառուցվող ու գրեթե ավարտին հասցվող եկեղեցին ցույց տալու հրավերք անելով: Նախագահը բնականաբար ընդունել էր նախկին պաշտոնյայի հրավերը ու 10 րոպե շարունակ առանձնազրույց էր տեղի ունեցել այս երկուսի միջեւ: Ինչպես փաստում են մեր աղբյուրները, Վարդան Ղուկասյանը երկրի նախագահին խնդրել է մեղմ մոտենալ ասֆալտի յուրացման մեջ կասկածվող ու օրումեջ հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվող իր թիմակիցների հանդեպ ու մի ճար անել իր ձերբակալված ընկերոջը' Գյումրու քաղաքապետարանի բնակակոմունալ բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանին ազատ արձակելու համար:
Ըստ նույն աղբյուրների, նաեւ խոսք է գնացել Վարդան Ղուկասյանի եղբորորդու' Վահիկի նկատմամբ մեղմ մոտենալու մասին, ով մեղադրվում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թիմակիցներից մեկի'Շեկոյի սպանության մեջ: Նախագահին դիմավորողների շարքում եղել է նաեւ Վարդան Ղուկասյանի որդին' Սպարտակը , սակայն նրանց առանձնազրույցին մասնակցել է միայն Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը: Ինչեւէ, ինչպես հավաստիացնում են մեր աղբյուրները, երկրի նախագահը լսել է Վարդան Ղուկասյանին ու վերջում արձագանքել է «Ամեն ինչ լավ կլինի»:
Նշենք, ըստ նույն աղբյուրների, նախագահի համար Վարդան Ղուկասյանի ճանապարհ կտրելն ու հանկարծակի հայտնվելը ամենեւին էլ անակնկալ չի եղել, քանի որ այս հանդիպումը նախապես պլանավորված է եղել: Իր շրջապատի նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնելու հորդորով Վարդան Ղուկասյանը նախեւառաջ գնացել էր ԱԺ ու հայցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի օգնությունը, որը, սակայն, ըստ մեր աղբյուրների, կոնկրետ ոչինչ չի խոստացել' նշելով, որ ինքը ասֆալտի գործի մանրուքներին չի տիրապետում, բացարձակապես անծանոթ է : Վարդան Ղուկասյանին այս ընթացքում չէր հաջողվել նաեւ նախագահականում հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, այստեղ նրա ժամադրություններն ապարդյուն են անցել, սակայն փոխարենը որոշվել է հանդիպման այս ֆորմատը: Նշենք, որ նախագահի պատասխանն էլ թեեւ ինչ-որ տեղ վերացական է, կոնկրետ ոչինչ չխոստացող, սակայն ի նկատի ունենալով պարոն Ղուկասյանի տարիներ շարունակ իշխանություններին մատուցած ծառայությունները , այնքան էլ զարմանալի չէ, հատկապես որ նույն Սերժ Սարգսյանի միջնորդությամբ անցած տարի դադարեցվեց այս պաշտոնյայի որդու նկատմամբ քրեական հետապնդումը:
Խոսքը վերաբերում է Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնի բացման արարողության ժամանակ Վարդան Ղուկասյանի ու Սերժ Սարգսյանի առանձազրույցին, որը սակայն ակամա լսել էին կողքբոլորը կանգած պաշտոնյաները: Այդ ժամանակ իր պաշտոնավարման վերջին օրերը անցկացնող Վարդան Ղուկասյանը խնդրել էր դադարեցնել հետախուզումը իր որդու նկատմամբ, ով մեղադրվում էր Սամվել Բալասանյանի թիմակիցների հետ Գյումրու Սայաթ-Նովա ու Ռուսթավելի կենտրոնական փողոցների խաչմերուկում վիճաբանելու, կրակոցներ հնչեցնելու ու խուլիգանություն կատարելու մեջ: Եվ եթե ի նկատի ունենաք Սյունիքի նախկին մարզպետի' Լիսկայի որդուն ու թիկնապահին արդարացնելու ու ազատ արձակելու փաստը, ապա այս համատեքստում այնքան էլ զարմանալի չպիտի թվա պարոն Ղուկասյանի խնդրանքը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ