Ավստրիայի Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը՝ հունիսի 12-ին, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վիեննայի արքեպիսկոպոս, Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Քրիստոֆ Շոնբորնի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա և ՀՀ անկախությունից հետո դրանք նոր բովանդակություն են ստացել: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Ավստրիայի հետ բազմաբովանդակ փոխգործակցության զարգացմամբ և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում կարևորել է Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների համագործակցությունը:
Նախագահը նշել է, որ լինելով քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ճանաչած երկրի նախագահ' իր արտասահմանյան այցերի ժամանակ փորձում է բաց չթողնել տեղի հոգևոր առաջնորդների հետ հանդիպելու հնարավորությունը։ Սերժ Սարգսյանի խոսքով, հայ ժողովրդի հիշողության մեջ վառ են սրբադասված Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Բ-ի՝ 2001թ. ՀՀ այցելությունից ստացած անկրկնելի տպավորությունները, երբ հայ ժողովուրդը նշում էր ՀՀ-ում քրիստոնեության ընդունման 1700-ամյակը։ Նախագահը նշել է, որ հայերի համար թանկ է և կարևոր, որ երջանկահիշատակ Հովհաննես Պողոս Բ պապը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը (2000թ. Վատիկանում և 2001թ. Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց հայրապետի հետ համատեղ հայտարարություններով):
Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների հարաբերությունների զարգացման գործում զրուցակիցները մեծապես կարևորել են նաև Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը:
ՀՀ Նախագահը և Վիեննայի արքեպիսկոպոս, Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Քրիստոֆ Շոնբորնը գոհունակությամբ են փաստել, որ սերտ կապեր են ձևավորվել Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու հետ, որոնց շրջանակներում համատեղ իրականացվում են կրթական ու մշակութային ծրագրեր:
Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վիեննայի արքեպիսկոպոսին և Ավստրիայի կառավարությանը հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի և աջակցության համար:
Վիենայում Նախագահ Սերժ Սարգսյանը նաև հարգանքի տուրք է մատուցել ավստրիացի գրող և հումանիստ Ֆրանց Վերֆելի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով նրա հուշարձանին: