Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյումրիի մասին հանրությունը սկսել է տեղեկանալ բացառապես քրեական «ռազբորկաների» և նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շուրջ հյուսվող ինտրիգների շրջանակներում: Նոր քաղաքապետ Սամվել Բալասանյանի պաշտոնավարության շրջանում այն բացառիկ փոփոխություններից մեկը, որ արժանացել է լրագրողների ուշադրությանը՝ Ֆրունզիկ Մկրտչյանի տուն-թանգարանի անջատված հոսանքն է և դրա շուրջ ծավալված իրադարձությունները: Մինչդեռ «հայրաքաղաքի» քաղաքապետի ընտրություններից առաջ շատերը երազում էին, որ Վարդան Ղուկասյանի՝ իշխանությունից հեռանալուց հետո կյանքը Գյումրիում կփոխվի, կբարելավվի կառավարման որակը, վերջապես առաջընթաց կարձանագրվի գործարար դաշտի բարելավման առումով, որովհետև Ղուկասյանը մեղադրվում էր ամբողջ գործարար դաշտը «իրենով անելու» և մանր ու միջին ձեռներեցներին «խեղդելու» մեջ:


Երբ արդեն հայտնի էր, որ Վարդան Ղուկասյանի դեմ Գյումրիում առաջադրվելու է «Գյումրի» գարեջրի գործարանի սեփականատեր Սամվել Բալասանյանը՝ վերլուծաբանները կանխատեսում էին թեժ քաղաքական ինտրիգներ և շատ սուր, լարված պայքար: Սակայն այդ ինտրիգը մարեց Վարդան Ղուկասյանի չառաջադրման և Սամվել Բալասանյանի' ՀՀԿ-ի կողմից սատարվելու փաստից հետո: Ղուկասյանը փորձեց ձևավորել հասարակական ակտիվ՝ նոր իրողություններում հարմարվելու համար, սակայն շատ էր ուշացել. գնացքն արդեն մեկնել էր: Ստվերային կապիտալի ցանկացած տիրակալի նման նա բնազդաբար իրեն դուրս մղեց գործընթացից' փորձելով պահպանել տարիների կուտակած հարստությունը:

 

Այս համատեքստում կրկին տուժեց քաղաքացիական հասարակությունը, որը զրկվեց Գյումրիում առկա պրոբլեմների մասին իրական քննարկումներից, հատկապես, որ Սամվել Բալասանյանը ևս ջենտլմենորեն որոշեց լռել Ղուկասյանի օրոք Գյումրիում կատարված չարաշահումների վերաբերյալ: Ըստ էության ընդունելով աղաղակող չարաշահումների փաստը' նոր քաղաքապետը չցանկացավ անդրադառնալ իր նախորդի գործունեությանը, գնահատական տալ անցած 10 տարիներին Գյումրիում արմատացած արատավոր երևույթներին:

 

Իսկ ինչու են մեր բոլոր պաշտոնյաները մշտապես հրաժարվում գնահատել իրենց նախորդների գործունեությունը, գոնե քաղաքական գնահատական չեն տալիս... Հավանաբար որևէ մեկը ներքուստ անձնական երաշխիքներ չունի, որ չի հայտնվելու իր նախորդի կարգավիճակում և ավելի մեծ ուժով չի շարունակելու երկրի հարստահարումը: Մինչդեռ քաղաքականապես առավել շահեկան կլիներ, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի այս յուրօրինակ քաղաքական հիբրիդը հայտարարեր, որ Գյումրիի պրոբլեմների մեծ մասը գալիս են այն հանգամանքից, որ տարիներ շարունակ աղետի գոտում պետության կողմից կատարված ներդրումները արդյունավետ չեն ծախսվել և ազգային դժբախտության ավերակների վրա հարստացած անձիք պետք է պատասխանատվություն կրեն իրենց արարքների համար ու փոխհատուցեն պետությանը պատճառած վնասները: Հակառակ պարագայում անհասկանալի է մնում, թե Գյումրվա քաղաքապետի փոփոխությունից շարքային գյումրեցին ինչ շահեց...

 

Այժմ, երբ Գյումրիում սկսել են հետաքննել Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման շրջանի չարաշահումները, խոսակցություններ կան, որ դրանք ներիշխանական ռազբորկաների արդյունք են: Գործող քաղաքապետը կրկին խուսափել է անձամբ հանդես գալ իր նախորդի գործունեության իրավական և քաղաքական գնահատականներով: Հատկապես, որ Վարդան Ղուկասյանը ջանք չի խնայում, որ չեզոքացնի այն վտանգները, որ ներիշխանական անհամաձայնությունների պատճառով ձեռք է բերել: Հայտնի է, որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 20-ին այցելել է Գյումրի, որտեղ մոտ տասը րոպե զրուցել է Վարդան Ղուկասյանի և նրա որդի Սպարտակի հետ: Առավել քան վստահ եմ, որ Ղուկասյանը կրկին կչեզոքացնի իր վտանգները, իսկ գործող քաղաքապետը Գյումրիում կշարունակի պաշտոնավարել Անգլիայի թագուհու կարգավիճակում:

 

Եթե մարդը ի զորու չէ իր նախորդի գործունեությանը շիտակ գնահատական տալու, ուրեմն պատրաստ չէ շտկելու նրա սխալները...

 

Հիշում եք Բալասանյանի հայտնի հայտարարությունը՝ ՕԵԿ-ի հետ կապված՝ իմ ճակատին գրված է «Օրինաց երկիր»: Հավանաբար այդ չարաբաստիկ ճակատի գիրը այդպես էլ չջնջվեց և Բալասանյանը ուղղակի դարձավ ԲՀԿ-ական' ՕԵԿ-ի բնազդով և ՀՀԿ-ի ախորժակով...

 

Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքի ղեկավար մարմնի գործունեությանը, ավելի ճիշտ անգործությանը, կանդրադառնանք շուտով…