Սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 23-ին ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի իրավաբանական հանձնաժողովի պատվիրակությանը' նախագահի տեղակալ Սուն Բաոշուի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Ողջունելով հյուրերին' Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ բազմակողմ համագործակցության խորացմանը: Նրա խոսքով' Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները դինամիկ զարգանում են, և երկու պետությունները թևակոխում են բարեկամական հարաբերությունների որակական նոր փուլ:

ԱԺ նախագահը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների միջև հաստատվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, խորանում է փոխշահավետ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, գիտակրթական, մշակութային և այլ ոլորտներում:

Հովիկ Աբրահամյանը ընդգծեց միջխորհրդարանական համագործակցության մեծ դերը միջպետական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում: Նրա գնահատմամբ' երկու երկրների խորհրդարանների միջև լիարժեք համագործակցությունը նպաստում է նաև իրավական բազայի ընդլայնմանը, ինչը հանդիսանում է տարբեր ոլորտներում հարաբերությունների ձեւավորման և զարգացման հիմքը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին' ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշման համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար' Չինաստանի Համաչինական Ժողովի իրավաբանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Սուն Բաոշուն նշեց, որ հայ-չինական 21-ամյա դիվանագիտական հարաբերությունների ժամանակահատվածում երկու երկրների քաղաքական և տնտեսական հարաբերություններն արդյունավետորեն զարգացել են՝ հասնելով նոր և բարձր որակական համագործակցության:

Նրա խոսքով' քաղաքական վստահելի համագործակցության ներքո ընդլայնվում և զարգանում են երկու երկրների միջև առկա բազմակողմ հարաբերությունները: Նա նույնպես կարևորեց միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը և ամրապնդումը, երկկողմ շփումները:

ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի Մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դեծյանգին պաշտոնական այցով Հայաստան այցելելու հրավերը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ կարևորություն ներկայացնող այլ հարցեր եւս: