168.am Ռուսաստանում բնակվող հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը Ստեփանակերտում կառուցել է Հանրապետական բժշկական կենտրոնի նոր համալիր, որի բացման արարողությանն այսօր մասնակցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Բակո Սահակյանի բնութագրմամբ' երկրի գլխամասային բժշկական հաստատության գործունեությունը նոր որակ կհաղորդի Արցախում առողջապահության ոլորտի զարգացման, տարբեր հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման գործընթացներին:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Սամվել Կարապետյանին Հանրապետական բժշկական կենտրոնի նոր համալիրի կառուցման համար՝ ընդգծելով, որ դա հայրենասիրության և հարազատ ժողովրդին նվիրվածության լավագույն դրսևորումներից է: Բժշկական կենտրոնը կրում է Սամվել և Կարեն Կարապետյանների ծնողների՝ Սարգիս և Ամալյա Կարապետյանների անունը:
Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Սամվել և Կարեն Կարապետյանները, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր արտերկրից:
Բժշկական հսկա կենտրոնը՝ 10.000քմ տարածքով, գերհագեցած է ժամանակակից բուժտեխնիկայով, դիագնոստիկ, վիրաբուժական, ինտենսիվ թերապիայի, վերականգնողական լավագույն սարքավորումներով, որոնք կովկասյան տարածաշրջանում միակն են: Համալիրի ճարտարապետական լուծումը (ճարտարապետն է Վահագն Վերմիշյանը) համապատասխանում է ժամանակակից բուժհաստատությունների բոլոր պահանջներին՝ իր կառուցվածքով, բաժինների ֆունկցիոնալ նշանակությամբ, հարմարավետությամբ: Բուժհամալիրը երկու վիրահատարան է ներառում և վերակենդանացման գերհագեցած տեխնիկայով վերակենդանացման կենտրոն: «Տաշիր» ընկերությունը նաև միջազգային չափանիշներին համապատասխան և անհրաժեշտ բուժսարքավորումներով հագեցած վերակենդանացման 2 գերժամանակակից ավտոմեքենաներ է նվիրաբերել հիվանդանոցին:
Բուժհաստատությունը բարեգործական հիմունքներով է կառուցվել: Ըստ կառուցապատողների՝ շինարարական աշխատանքների և սարքավորումների ձեռքբերման համար ներդրվել է 22 մլն ԱՄՆ դոլար: