Կառավարությունը հանդես է եկել հերթական հուզիչ նախաձեռնությամբ: Ըստ Հայկական ժամանակ օրաթերթի՝ կառավարությունը 13 միլիոն դրամ է տրամադրել՝ արտագաղթի պատճառների բազմաասպեկտ վերլուծություն կատարելու համար: Ամենազավեշտալին այն է, որ արտագաղթի պատճառները ուսումնասիրվում են՝ խնդրին Մաքսային միությանն անդամակցության համատեքստում լուծումներ գտնելու համատեքստում:
Ըստ ՀՀ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի կանխատեսման՝ ՄՄ-ին միանալը Հայաստան կբերի ներդրումների մեծ հոսք և բարեկամ Ռուսաստանի շնորհիվ մենք կունենանք տնտեսության աշխուժացում և աշխատատեղեր: Այժմ կառավարությունը 13 միլիոն դրամ է ծախսում, որտեղ կներառվի նաև ՄՄ անդամակցության արդյունքում արտագաղթի հնարավոր աճի ուսումնասիրությունը:
Մինչդեռ կառավարությունը վաղուց արդեն պետք է վերլուծեր այն օրինակը, թե ինչպես Ռուսաստանը հատուկ ծրագրերի միջոցով կազմակերպեց և այժմ էլ շարունակում է կազմակերպել հազարավոր հայ ընտանիքների գաղթը Ռուսաստան: Եթե նախկինում խոպանչիները Ռուսաստանից գումար էին ուղարկում՝ ընտանիքը կերակրելու համար, այժմ նախընտրում են, հատկապես ՌԴ կառավարության «Հայրենակիցներ» ծրագրի ընձեռնած հնարավորության շնորհիվ, Ռուսաստան մեկնել ընտանիքներով: Հատկապես հեռավոր, սահմանամերձ գյուղերի բնակչության համար այս ծրագիրը առավել գրավիչ է թվում, և այժմ նախկին խոպանչիները, որոնց տրանսֆերների հաշվին գոյատևում էր ոչ միայն իրենց ընտանիքը, այլ սնուցվում էր, այսպես կոչված, մանրածախ տնտեսությունը, նախընտրում են Ռուսաստանի Դաշնություն մեկնել ընտանիքներով: Երևույթը լուրջ սպառնալիք է փոքր տնտեսվարողների համար: Արտերկրից կայուն գումար ուղարկող աշխատուժի զգալի հատվածը դադարում է երկրի տնտեսությունը սնուցող գործոն լինելուց: Փաստորեն, մեր համայնքները վերածվում են մեռյալ տնտեսությամբ հսկայական ծերանոցների: Իմ մատնանշած երևույթը արդեն ախտահարել է նաև մայրաքաղաքային տնտեսությունը: Արձանագրվել է առևտրի կտրուկ անկում, այն աստիճանի կտրուկ, որ տոնավաճառներում աշխատակիցներից շատերը հրաժարվում են առևտրով զբաղվել:
Պետական մակարդակով կազմակերպված հայերի գաղթը Ռուսաստան հարվածեց առաջին հերթին սահմանամերձ համայնքներին, որտեղ առավել սուր է աշխատանք գտնելու և ընտանիք կերակրելու խնդիրը, և մարդիկ պարզապես կառչեցին «Հայրենակիցներ» ծրագրից՝ ՌԴ-ում երաշխավորված աշխատանք և բնակության իրավունք ստանալու համար: Հայաստանում օրեցոր անկում ապրող տնտեսության այլընտրանքը, ցավոք, դառնում է պանդխտությունը և մի կտոր հացի փնտրտուքը:
Այժմ կառավարությունը 13 միլիոն դրամ է վատնում այն փաստի ուսումնասիրության վրա, որը հայտնի է այբբենարանին ծանոթ ցանկացած բանական էակի: Արտագաղթի խորքային պատճառը ձեր վարած ապաշնորհ տնտեսական քաղաքականությունն է: Իջեք ցանկացած շենքի «բեսեդկա»՝ ձեզ առանց մի կոպեկի կտրամադրեն խնդրո առարկա բազմաասպեկտ վերլուծությունը:
Վարուժան Բաբաջանյան