panorama.am «Այսօր առավոտյան եմ խոսել ղեկավարության հետ, ասել են, որ ավտոմեքենաների ապակիների մգեցվածության թույլատրելի աստիճանը չափելու համար նախատեսված սարքերը դեռ չունեն, որ սկսեն ստուգումներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ երեկ 7-8 զանգ են ստացել, վարորդները փորձել են պարզել՝ արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, թե ճանապարհային ոստիկանությունը մոտակա օրերին «ռեյդ» է սկսելու բոլոր այն տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ, որոնց ավտոմեքենաների ապակիների մգեցվածությունը կլինի սահմանված չափից բարձր:
Է. Հովհաննիսյանն ասաց, որ առանց այդ սարքով ստուգելու, ճանապարհային ոստիկանը չի կարող տուգանել վարորդին. «Օրենքում նշված է, որ պետք է ապակիների մգեցվածության աստիճանը որոշվի սարքով»:
Ավտոտրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում) և այլ ապակիներինը' 70 տոկոսից ոչ պակաս:
Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր։ Ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելը առաջացնում է տուգանք 50.000 ՀՀ դրամի չափով: