ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ' իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որը թելադրված է Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհի հատվածներից մեկի փլուզված հենապատի կառուցման, նախագծային և հեղինակային հսկողության աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ: Այդ նպատակին է ուղղվելու տնտեսված շուրջ 45 մլն դրամը:
Հաշվի առնելով ոռոգման համակարգերի հիմնանորոգման ծրագրով իրականացվող աշխատանքի ընթացքը, կազմակերպված մրցույթների արդյունքում և շինարարության ընթացքում առաջացած տնտեսումը, ինչպես նաև հիմք ընդունելով ոռոգման ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից շահագործվող ջրային համակարգերի մշտական նորոգման և ոռոգման սեզոնի ընթացքում առաջացած լրացուցիչ նորոգման անհրաժեշտությունը, կառավարությունը Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2013 թ. ծրագրում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք կնպաստեն ջրամատակարարման արդյունավետության ապահովմանը:
Փոփոխելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը' կառավարությունը հաշվի է առել, որ Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու, Տավուշի և Վայոց ձորի մարզերից ստացվել է աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի լրացուցիչ 326 տոննայի պահանջարկ, նախատեսել է նշված քանակը տրամադրել մինչև 3 հա ցանք կատարել ցանկացող տնտեսվարողներին: Մինչ այդ մարզպետարանները ներկայացրել էին 3 հազար 779 տոննա սերմացուի պահանջարկ: «Փաստորեն մենք 100 տոկոսով բավարարում ենք մարզերի ներկայացրած հայտերը, այսինքն' չկա որևիցե մի մարզ, որը մեզ ներկայացնի սերմացու ստանալու հայտ, որը մենք չբավարարենք: Մեր հիմնական խնդիրն է կրճատել չմշակվող հողերի ծավալները: Այս քաղաքականությունն արդեն դրական արդյունք տալիս է, բայց դեռևս չմշակվող հողերի մեծ ծավալ կա, և պետք է հետևողական լինենք, որպեսզի ամբողջությամբ այդ հողերը մշակվեն», - հարցի վերաբերյալ ասել է վարչապետը:
Կառավարության որոշմամբ մեկ ամսով հետաձգվել է ս.թ. հոկտեմբերին անցկացվելիք փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառման ժամկետը:
Դեղերի արտադրության օղակում դրանց որակի ապահովման խնդիրները կարգավորելու, տեղական արտադրության դեղերի արտահանումը խթանելու նպատակով կառավարությունը հաստատել է դեղերի և դեղանյութերի արտադրության' պատշաճ արտադրական գործունեության կանոններին համապատասխանության դիտարկման, հավաստագրի տրամադրման կարգերը և այլ փաստաթղթեր: