Հայաստան տեղափոխված և այստեղ բնակվող սիրիահայերի թիվն անցել է 10 հազարից: Սփյուռքի նախարարությունում սիրիահայերի հարցով ստեղծված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը Lragir.am-ին տեղեկացրեց, որ այս փուլում սիրիահայերը Հայաստան են գալիս երրորդ երկրից՝ հիմնականում Լիբանանից և Եգիպտոսից:
«Արդեն երկու ամիս է՝ շաբաթական երկու օր Բեյրութ-Երևան չվերթ կա, և այդ չվերթներով Հայաստան եկողների ավելի քան 30-40 տոկոսը սիրիահայեր են: Այստեղ ավելի շատ արտոնություններ կան սիրիահայերի համար, դրա համար էլ իրենք գերադասում են Հայաստան գալ»,- ասաց Ֆիրդուս Զաքարյանը: Նա նշեց, որ սիրիահայերը հիմնականում մնում են Հայաստանում, չեն գնում երրորդ երկիր:
Նախորդ տարվա գարնանից մինչև այսօր մոտ 15 հազար սիրիահայ է եկել Հայաստան, որից մոտ 5000-ը հետ են գնացել Սիրիա: Մնացած ավելի քան 10 հազար սիրիահայերը, Ֆիրդուս Զաքարյանի խոսքով, ներկայում ապրում են Հայաստանում: Ըստ սփյուռքի նախարարության տվյալների՝ այս ընթացքում ընդամենը մի քանի տասնյակ սիրիահայ ընտանիքներ են Հայաստանից տեղափոխվել այլ երկրներ՝ հիմնականում եվրոպական: Վերջին տարիներին, Ֆիրդուս Զաքարյանի խոսքով, միայն Իրաքից ու Սիրիայից է հայերի մեծ հոսք եղել Հայաստան: Սակայն ի տարբերություն սիրիահայերի՝ Հայաստան եկած մոտ 2000 իրաքահայերի մեծ մասը գնացել են այլ երկրներ:
Հիշեցնենք, որ կառավարությունը պատրաստվում է սիրիահայերի համար Նոր Հալեպ թաղամաս կառուցել: Ֆիրդուս Զաքարյանի խոսքով՝ թաղամասի նախագծային աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում, սկսվել են տեղանքի երկրաբանական հետազոտությունները:
«Մենք հույս ունենք, որ ֆինանսների առկայության դեպքում հաջրդ տարվա խորը աշնանը սիրիահայերն արդեն կտոնեն իրենց բնակարանամուտը»,- ասաց Ֆիրդուս Զաքարյանը: Թաղամասը նախատեսված է 500 ընտանիքի համար, սակայն արդեն հերթագրվել է 550 ընտանիք: Նպատակ կա այս ծրագիրը շարունակական դարձնել: