Հայաստանում և սփյուռքում ապրող հասարակությունը մշտապես աջակցում և օգնության ձեռք է մեկնում մեր երկրում հաստատված սիրիահայերին: «Հալէպ» հայրենակցական հասարակական կազմակերպությունը Ֆրանսիայում բնակվող «Դիասպո Արթս» նկարիչների խմբի, ինչպես նաև հայաստանաբնակ և սիրիացի մի քանի արվեստագետների մասնակցությամբ մի քանի օր շարունակ Ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպում է բարեգործական ցուցահանդես-վաճառք: «Կանգառ Երևանում» խորագրով ցուցահանդեսից ստացված ողջ հասույթը կփոխանցվի է «Հալէպ» հայրենակցական հասարակական կազմակերպությանը՝ սիրիական ճգնաժամից տուժած ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով:
«Հալէպ» հայրենակցական-բարեսիրական հասարակական կազմակերպությունը նախատեսել էր, որ այն կտևի ընդամենը յոթ օր, սակայն հաշվի առնելով մարդկանց հետաքրքրությունը՝ ցուցադրությունը կշարունակվի մինչև օգոստոսի 22-ը: Հայկական ցուցահանդեսում արդեն երկու նկար է վաճառվել: Նկարների արժեքը տատանվում է 80 հազարից մեկ միլիոն դրամի միջակայքում:
«Սա «Դիասպո Արթս»-ի արդեն 7-րդ «կանգառն» է՝ այս անգամ Երևանում: Ցուցադրվում է 29 արվեստագետների 104 գործ: Ներկայացված են հայ, ֆրանսիացի, սիրիահայ նկարիչների գործեր: Վաճառքի հասույթը «Հալէպ»-ն օգտագործելու է սիրիահայերի համար կացարանի կառուցման համար: Մենք կացարանային ծրագիր ունենք, որը մշակման փուլում է: Ծրագրով նախատեսված է կառուցել կացարան՝ կարիքավոր ընտանիքների համար: Դրա առաջին հարկում կլինեն աշխատավայրեր, իսկ մյուս հարկերում՝ բնակելի տարածքներ: Փորձելու ենք սիրիահայ ընտանիքներին պահել Հայաստանում, որպեսզի չլքեն երկիրը և արտագաղթ չլինի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Հալէպ» հայրենակցական-բարեսիրական հասարակական կազմակերպության երիտասարդական հանձնաժողովի անդամ Հակոբ Կազանջյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում մոտավորապես 12 հազար սիրիահայ է ապրում: «Սիրիահայերի հոսքը փոքր-ինչ ավելանում է, որովհետև ճանապարհները բաց են, իսկ այնտեղ վիճակը գնալով ավելի է վատթարանում է: Հայաստանում կան լավ ապրող սիրիահայեր, կան նաև այնպիսիները, որ կացարան չունեն»,-նշեց նա:
«Դիասպո Արթս»-ի ղեկավար, ցուցահանդեսի գաղափարի հեղինակ Վաչե Դեմիրճյանի խոսքով՝ ցուցահանդեսը 6-7 «կանգառներ» է ունեցել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: «Արդեն բավականին գումարներ են հատկացվել սիրիահայերին՝ ցուցահանդեսների շնորհիվ: Սա նաև որոշ առումով կամուրջ է սփյուռքի և հայ նկարիչների միջև: Վաճառքից բացի, ուզում եմ, որ Հայաստանում իմանան, որ սիրիահայերը վատ վիճակում են, շատ ընտանիքներ տուն չունեն, ամեն օր գաղթականներ են գալիս, ուզում եմ, որ օգնեն նրանց: Նկարիչներին ասացի, որ երբ 25 տարի առաջ Հայաստանում ե րկրաշարժ եղավ, մեր սիրիահայ քույրերն ու եղբայրները մեզ օգնեցին, հիմա մեր հերթն է»,-նշեց նա:
Դեմիրճյանը նշեց, որ Ֆրանսիայում արդեն 15 գործ է վաճառվել: «Կոչ եմ անում, որ մարդիկ գան, գնեն այս գործերը և բարի գործ անեն սիրիահայերի համար»,-հավելեց նա:
Նկարչուհի Մոկո Խաչատրյանը ցուցահանդեսին է ներկայացրել «Արի ինձ հետ» նկարը, որը ստեղծել է 2010 թվականին: Փաստում է, որ մշտապես ուրախությամբ է մասնակցում բարեգործական միջոցառումներին: «Տարիներ առաջ արված նկար է, որը ներկայացվել է Բեյրութի անհատական ցուցահանդեսին: Միակներից է, որ մնաց այդ իրադարձությունից: Լուսավոր գործ է, դրա համար ընտրեցինք հենց սա»,-նշեց նա:
«Հալէպ» հայրենակցական հասարակական կազմակերպության նպատակն է աջակցել սիրիական ճգնաժամից տուժած, Հայաստանում ապաստան գտած, ինչպես նաև դեռևս Սիրիայում բնակվող սիրիացիներին, մասնավորապես՝ Հայաստանից արտագաղթը կանխելու նպատակով նրանց կացարանով ապահովելու միջոցով:
«Դիասպո Արթս»-ի նպատակն է կամուրջի դեր կատարել ծագումով հայ և հայկական մշակույթին ծանոթ արվեստագետների միջև՝ տարածելու ժամանակակից արվեստը: