Իշխող վարչախմբին սպասարկող թաղի խուժանը, որը ընտրությունների ժամանակ իշխանության և ժողովրդի միջև հանցավոր միջնորդի դեր է կատարում և ընտրակաշառք բաժանում, այսօր արդեն իրեն հարիր մեթոդներով լծվել է Նախախորհրդարանի աջակիցների վրա հարձակում գործելու առաքելությանը, դրանով իսկ ծառայություն մատուցելով իր տերերին:

 

Նախախորհրդարանի աջակիցներ Սուրեն Գևորգյանը և Սահակ Պողոսյանը երեկ երեկոյան՝ Սեպտեմբերի 26-ին իրենց իսկ բակում, հարևանների ներկայությամբ հարձակման են ենթարկվել Հրաչ անունով քաղաքացու կողմից, իրենց գաղափարական ընդդիմադիր կեցվածքի և հատկապես, Նախախորհրդարանի աջակիցներ լինելու պատճառով, որի հետևանքով Սուրեն Գևորգյանը ստացել է լուրջ մարմնական վնասվածքներ:

 

Արաբկիրի վարչական շրջանի ոստիկանություն բերման ենթարկվելուց և արդեն տուն վերադառնալուց հետո, Սուրեն Գևորգյանի զգացողությունը կտրուկ վատացել է, և նա հոսպիտալացվել է անցնելով մի շարք բժշկական ստուգումներ: Նրա մոտ հայտնաբերվել է հարվածների արդյունքում ստացած ուղեղի հեմատոմա, բժիշկների ախտորոշմամբ՝ արյան զեղում: Սուրեն Գևորգյանը այժմ գտնվում է վերակենդանացման բաժնում, բժիշկների խիստ հսկողության տակ, և ըստ բուժող բժշկի, եթե մոտակա 72 ժամում վիճակի բարելավում տեղի չունենա, ապա վիրահատական միջամտության անհրաժեշտություն կզգացվի:

 

Նախախորհրդարանը հայտարարում է և զգուշացնում, որ նման մեթոդներով ոչ վարչախումբը և ոչ էլ նրա սպասարկուները չեն կարող կասեցնել ազգային ազատագրական անկասելի պայքարը:

 

Նախախորհրդարանը և նրա աջակիցները երբեք չեն ընկրկելու և հասնելու են իրենց նպատակին, մեր ժողովրդի մասնակցությամբ ձերբազատվելով հանցավոր համակարգից և նրանում գործող հանցագործ դերակատարներից, ստեղծելով մեր ժողովրդին հարիր պետություն: