Սեպտեմբերի 1-ին, «Երևանի այրվածքների գիտական կենտրոն» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է Երևան քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Էդվարդ Ք-ն։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 24-ին նշված կնտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ջերմային այրվածք բոցով, գլխի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի վերին վերջույթների, մեջքի նստատեղի, ազդրերի սրունքների հատվածում 1, 2, 3 աստիճան մարմնի մակերեսի 50 տոկոս, վերին շնչուղիների այրվածք, ծանր այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Էդվարդ Ք-ն և «ջերմային այրվածք բոցով 1, 2, 3 աստիճանի վերին վերջույթի այրվածք, մարմնի մակերեսի 4 տոկոս» ախտորոշմամբ՝ Երևանի բնակիչ՝ 35-ամյա Գոռ Ս-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված անձինք նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի 3/6 հասցեում գործող «Արմենիա Մոլիբդեն Պրոդաքշն Հոլդինգ» ՍՊԸ-ում խառնիչի պտտվելու ժամանակ առաջացած բոցի հետևանքով։
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Իսկ մահացած Էդվարդ Ք-ն և վիրավոր Գոռ Ս-ն աշխատում էին նշված ՍՊԸ-ում՝ որպես բանվոր։