Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան եւ կարճատեւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել բուհի ղեկավար անձնակազմի հետ:
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը նախարարին ներկայացրել է տնտեսագիտական համալսարանում ուսումնական տարվա մեկնարկի, ինչպես նաեւ հաշվետվություն ամռան ընթացքում իրականացված վերանորոգման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն:
Խորհրդակցությունից հետո նախարարը ռեկտորի ուղեկցությամբ շրջել է բուհի տեխնիկական նոր վերազինմամբ ապահովված լսարաններում, զրուցել ուսանողների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով:Նախարարին ներկայացվել է նաեւ ՀՊՏՀ նորաբաց գիտահետազոտական կենտրոնը, որի վերանորոգման աշխատանքները արդեն ավարտական փուլում են եւ կահավորման ավարտից հետո կգործի:
Դեռեւս օգոստոսին, ՀՊՏՀ-ում տեղի ունեցած ՀՀ ԿԳ նախարարի եւ ուսխորհուրդների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ուսանողները բարձրացրել էին ուսանողական ճաշարանների մատչելիութան հարցը: Տնտեսագիտականի ռեկտորն այն ժամանակ խոստացել էր, որ սեպտեմների 1-ից համալսարանում կգործի նոր վերանորոգված ճաշարան՝ համեմատաբար մատչելի գնացուցակով: Ռեկտորն ու ՀՀ ԿԳ նախարարն այցելել են նաեւ տնտեսագիտական համալսարանի նորաբաց ճաշարան, հետաքրքրվել ուսանողներից՝ գոհ են արդյոք սննդի որակից եւ գներից: