Շուշիի Ջդրդուզի տարածքը, որը ներառված է «Հունոտի կիրճ» արգելոցի մեջ, ցանկապատվում է մեքենաների մուտքն արգելափակելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, գրում է karabakh-open.info-ն:
«Շուշիի Ջդրդուզ կոչվող տարածք մուտք գործելու դեպքում բնակիչներից գումար չի գանձվելու և ցանկապատումն ուղղակի մեքենաների մուտքն արգելելու համար է»,- ասաց Սերգեյ Շահվերդյանը։
Սերգեյ Շահվերդյանն անդրադարձավ նաև Տնջրի ծառի մոտ տեղի ունեցած վերանորոգման աշխատանքներին.
«Բարեկարգման աշխատանքներ են իրականացվել և տեղադրվել են տաղավարներ, որոնցից օգտվելու համար քաղաքացիները պետք է որոշակի գումար վճարեն ծառայություններ մատուցող ընկերությանը, իսկ տաղավարներից դուրս իրենց հանգիստը կազմակերպել ցանկացողների համար ոչ մի խոչընդոտ չի կարող լինել, քանի որ տարածքը պետական սեփականություն է»,- ասաց Սերգեյ Շահվերդյանը: