Panorama.am Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության պատգամավոր Այդին Միրզազադեն Facebook սոցիալական ցանցի իր էջում սեփական վերաբերմունքն է արտահայտել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլու հարցազրույցի մասին, որտեղ դեսպանը հայտարարել է, որ Ադրբեջանի մամուլում, ի դեմս Հայաստանի, թշնամու կերպար է ձևավորվում' ընդծելով, որ դա անընդունելի է:

Ըստ ադրբեջանական «Haqqin.az» պորտալի' Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորը նշել է, որ հարցազրույցի տեքստը կարդալուց հետո իր մոտ մի քանի հարց է ծագել' ուղղված Փոլադ Բյուլ-Բյուլ օղլուն:

«Միրզազադեի կարծիքով' ամենակարևոր հարցն այն է, թե ինչո՞ւ է Փոլադ Բյուլ-Բյուլ օղլուն այդքան անհանգստանում Հայաստանի'ադրբեջանական մամուլում թշնամու դերում ի հայտ գալով», - նշված է հոդվածում:

Վերջինիս խոսքերով' «քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և չի դադարեցրել ագրեսիան», ամեն ինչ պետք է իրենց անուններով կոչել»:

Նշենք, որ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղին ավելի վաղ հանդես էր եկել հայերի դեմ պատերազմի պատրաստվելու կոչով, իսկ նրա ներկայիս հայտարարությունն ամենայն հավանականությամբ պայմանավորված է ներքին լսարանի համար նախատեսված Բաքվի նոր քարոզչական քայլով:

2010թ. մայիսի 8-ին Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը Մեծ Հայրենական պատերազմի վետերաններին ընդունելիս Բյուլ-Բյուլ օղլին հայտարարել է. «Միգուցե դեռ անհրաժեշտություն լինի կռվել Ղարաբաղի համար: Եվ դրան պետք է պատրաստ լինենք բոլորս' ողջ ադրբեջանական ժողովուրդը»:

Ավելի վաղ, 2009թ. դեկտեմբերի 29-ին ANS հեռուստաալիքին տված իր հարցազրույցում, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին հայտարարել է, որ «յուրաքանչյուր ադրբեջանցի պետք է մասնակցի հողերի ազատագրման գործին»: Նա նաև հիշեցրել է, որ Ադրբեջանի սփյուռքի ամենամեծ կազմակերպությունը գտնվում է Ռուսաստանում' ընդգծելով, որ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ուղով լուծում գտնի, ապա ռուսաստանաբնակ ադրբեջանցիներից «շատ բան կախված կլինի» և յուրաքանչյուրը պետք է դրան պատրաստ լինի: «Ամբողջ երկիրը, ամբողջ հասարակությունը, ամբողջ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և, մեկ բազկի նման միավորվելով, աջակցի իր նախագահին և ազատագրի հողերը», - ասել է նա' նշելով, որ ոչ ոք չի կարողանա անմասն մնալ դրանից:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել' խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ'2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը' շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: