Օրեր առաջ տեղեկություններ էին տարածվել, որ մի խումբ երիտասարդներ իրենց խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու և դրանց լուծման համար յուրօրինակ ձև են մտածել: «Արցախ» մամուլի ակումբի ղեկավար Արման Սարգսյանը հայտարարել էր, որ պատրաստվում են հիմնել ՀՀ նախագահին կից երիտասարդական հարցերով խորհուրդ: Այդ նպատակը իրականություն դարձնելու համար երիտասարդները պատրաստվում են հավաքվել նախագահականի դիմաց:
Նախաձեռնող խմբի ղեկավար Արման Սարգսյանը MediaMall.am-ի հետ զրույցում նշեց, որ չնայած և Հանրային խորհրդին կից կա նմանատիպ խորհուրդ, և վարչապետին կից գործում է հանձնաժողով, բայց պասիվ գործունեություն են ծավալում, եթե ակտիվ լինեին' նոր խորհրդի ստեղծման անհրաժեշտություն չէր լինի: «Մեզ այդ խորհուրդը պետք է, որ երիտասարդները անմիջապես գտնվեն ուշադրության կենտրոնում: Նախաձեռնող խմբում հավաքված են անկուսակցական երիտասարդներ: Չնայած ես նախկինում եղել եմ Հայաստանի երիտասարդական կուսակցության անդամ, որի ղեկավարը Վահան Բաբայանն է, սակայն այդ կուսակցության' ԲՀԿ-ի հետ միավորումից հետո դուրս եմ եկել այնտեղից, որովհետև մենք գաղափարապես տարբեր բևեռներում էինք»,- նշեց «Արցախ» մամուլի ակումբի ղեկավարը:
Նախագահի նստավայրի մոտ երիտասարդական խորհուրդ ստեղծելու կոչով հավաքը կկայանա հոկտեմբերի 15-ի մոտակայքում: մեկ անգամ արդեն նրանք Սերժ Սարգսյանին նամակ են ուղարկել' իրենց գաղափարները կյանքի կոչելու խնդրանքով, սակայն առայժմ պատասխան չեն ստացել: Նախքան ակցիայի անցկացումը' նրանք մտադիր են ևս մեկ անգամ նամակով դիմել երկրի ղեկավարին:
Արման Սարգսյանը նշեց, որ գաղափարի շուրջ արդեն մոտ 200 երիտասարդ է հավաքված, սակայն նախաձեռնող խմբում երիտասարդների թիվը ակտիվ կերպով ավելանում է: