Արցախում կրթական բարեփոխումներին զուգահեռ մեծ թափով դպրոցաշինությունն է ընթանում, ասում է Կրթության և գիտության նախարար Սլավիկ Ասրյանը:
Նախարարը վստահ է, որ առաջիկա հինգ տարիներին դպրոցաշինության խնդիրները լուծված կլինեն: «Բոլոր դպրոցներն ապահովված են գույքով, նոր տեխնիկայի հագեցվածությունը դեռ պատշաճ աստիճանի չէ, բայց մինիմալ չափերով գոնե ապահովված են, հիմա զարգացման խնդիր ենք դնում: Ժամանակակից տեղեկատվական համակարգերը ևս կներդրվեն մեր դպրոցներում: Առկա է նաև համացանց ունենալու խնդիրը, պայմանավորվածություն ունենք և հիմնական ցանցը շուտով կապահովվի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սլավիկ Ասրյանը:
Կրթության որակն Արցախում
Մենք Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտին համաքայլ նույն բարեփոխումներն ենք անում: Նոր չափորոշիչներին համապատասխան ծրագրեր ենք իրականացնում, դասագրքեր ձեռք բերում: Նույնը կատարվում է նաև միջին մասնագիտական, արհեստագործական ուսումանարաններում: Մեզ մոտ այդ բոլոր բարփոխումների գործընթացը նորմալ առաջ է գնում: Իհարկե ձեռքբերումների կողքին կան նաև խնդիրներ, դա տևական գործընթաց է, հասկանում ենք: Բոլոր դեպքերում, գտնում ենք, որ բավարար հիմքերի վրա է դրված և տարեցտարի այդ ուղղությամբ քայեր են իրականացվում:
Նախադպրոցական կրթություն
Նախադպրոցական կրթության զարգացումը մեր գերակա ուղղություններից մեկն է: Այս պահին Արցախում գործում են 29 պետական մանկապարտեզներ, ուր 2600 երեխաներ են հաճախում: Այս տարի կարևոր քայլ արվեց, հատկապես Ստեփանակերտում, ուր մանկապարտեզների թիվը քիչ էր, իսկ երեխաներինը' մեծ, մենք բոլոր դպրոցներում ստեղծեցինք նախադպրոցական բաժանմունքներ' ընդգրկելով մինչև հինգ տարեկան երեխաներին: Այս երեխաներին մանկապարտեզներից հանեցինք, նաև լրացուցիչ ընդունելություն կազմակերպեցինք, 774 երեխաներ արդեն դպրոցների նախադպրոցական բաժիններում են սովորում: Այս բաժինները երկու տեսակի են՝ 6 և 9 ժամ տևողությամբ: Երկրորդում մանկապարտեզային պայմաններ են ստեղծված' բոլոր հարմարություններով: Մենք նախադպրոցական կրթության գործընթացը Ստեփանակերտում այսպիսով մի քիչ բարելավել ենք: Ու նաև գյուղերի դպրոցներում են գործում կից նախադպրոցական խմբեր: Երկրում ունենք նաև բարեգործական կազմակերպությունների հիմնած մանկապարտեզներ: Այժմ նոր մանկապարտեզների շինարարության և հների վերանորոգման խնդիր է դրված: Առաջիկայում կունենանք կայուն նախադպրոցական համակարգ:
Ավագ դպրոցներն ու միջին մասնագիտական հաստատությունները
Շատ են միջին մասնագիտական հաստատություններ գնացողները: Գոյություն ունի արտոնություն, որ միջին մասնագիտականը լավ և գերազանց ավարտածները կարող են բուհերի երկրորդ կուրսերում շարունակել մասնագիտական կրթությունը: Դրանով էլ պայմանավորված է մեծ հոսքը դեպի նմանատիպ հաստատություններ: Եթե նախորդ տարիներին բոլորը համատարած ցանկանում էին ավագ դպրոց գնալ, հիմա իրավիճակը փոխվել է: Ավագ դպրոց գնում են այն աշակերտները, ովքեր կոնկրետ առարկաների նկատմամբ հետաքրքրություն ունեն և ցանկանում են խորացված ուսում ստանալ: Դեպի ավագ դպրոցներ հոսքը կազմում է մոտավորապես 50 տոկոսի սահմաններում: Մեր ուշադրության կենտրոնում է, որ ավագ դպրոցները ծառայեն իրենց նպատակին, երեխաները խորացված կրթություն ստանան:
Շարունակությունն` այստեղ: