Galatv.am Հայաստանում արտաքին առեւտրի հաշվեկշիռը տարիներ շարունակ բացասական է՝ 2.8 մլրդ դոլարի շրջանակներում: Անցած տարի Հայաստանից արտահանվել է 1.4 մլրդ դոլարի, փոխարենը ներմուծվել մոտ 4.3 մլրդ դոլարի ապրանք: Այս մասին զրուցել ենք Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի հետ: Նրա համոզմամբ՝ սա տնտեսության մեջ վատագույն ցուցանիշ է:

«Այս ցուցանիշը նորմալ, բնականոն զարգացող տնտեսության մեջ չի կարող երկար գոյատեւել, որովհետեւ մենք մեր արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը փակում ենք դրսից եկած դրամական փոխանցումների՝ տրանսֆերտների միջոցով: Բայց այդ տրանսֆերտները կարող են մի օր ինչ-ինչ հանգամանքներում չգալ, եւ պետությունը, տնտեսությունը կկանգնի կոլապսի առջեւ, շնչահեղձություն կլինի»:

Վազգեն Սաֆարյանը տնտեսությունը այս վիճակից հանելու ելքը տեսնում է միայն ծանր եւ թեթեւ արդյունաբերության զարգացման մեջ, իսկ ասել, որ դրա հնարավորությունները Հայաստանը չունի, սխալ կլինի: Հայաստանում կա թեթեւ եւ ծանր արդյունաբերության զարգացման հնարավորություն' համոզված է Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահը: Որպես օրինակ նշում է կաշվի, բրդի, սեւ եւ գունավոր մետաղների արտադրության ոլորտները:

«Հայաստանում ամեն տարի արտադրում է 3,5-4000 տոննա կաշի, եւ այդ կաշին արտահանվում է Թուրքիա, Իրան, Չինաստան, Հնդկաստան, այդ կաշվի հումքը մնա տեղում, եւ դա վերածվի կոշիկի, մենք կունենանք 3000 աշխատատեղեր, Հայաստանում իրացվող 10 մլն զույգ կոշիկից 5 մլն զույգը կկարվի տեղական հումքի վրա, որը կբերի աշխատատեղերի ստեղծման», -համոզված է նա:

4000 տոննա չմթերված բրդի վրա տարեկան ավելանում է եւս 1000 տոննա: Որպեսզի մթերվի այն, պետք է ֆաբրիկաներին վարկեր տրամադրվեն' նշում է նա՝ համոզմունք հայտնելով, որ կարող ենք զարգացնել թեթեւ արդյունաբերությունը:

Վազգեն Սաֆարյանի համոզմամբ՝ Հայաստանում պետք է զարգանա ներքին կոոպերացիան, իսկ այդ հարցում կօգնի Մաքսային միությանն անդամակցելը:

«Մենք մեծ սպասումներ ունենք, որ Հայաստանը, Մաքսային միությանը միանալով, կկարողանա միասնական տնտեսական տարածքի հենքի վրա ընդլայնված տնտեսական կապերը վերականգնել եւ պետության համար պատվերներ բերել՝ վերականգնելով կապերը Ռուսաստանի, Բելոռուսի, Ղազախստանի եւ այլ երկրների հետ, այս ոլորտում ունենալ որոշակի տնտեսական աճ եւ հաջողություններ»,-նշում է Վազգեն Սաֆարյանը: Նրա կարծիքով՝ այդ գործում դեր կունենա նաեւ անցյալում Ռուսաստանի հետ ունեցած միասնական արդյունաբերատնտեսական մշակույթը: