Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը կարծում է, որ Մաքսային միությանն անդամակցելը նշանակում է, որ Հայաստանի 22 տարվա անկախության դեգերումներից և տարբեր տնտեսական փորձառություններից հետո ամենամեծ հաղթանակն այն էր, որ Հայաստանը վերջնականապես կողմնորոշվեց դեպի Ռուսաստան։
«Դա էվոլյուցիոն նոր միության հաղթանակն էր, որովհետև շատ հաճախ «մաքսային» կամ «տնտեսական տարածք» բառակապակցությունների տակ, որոշ գավառական մտածելակերպի տեր քաղաքական վայ գործիչներ պատկերացնում են առևտուր, տնտեսություն, բայց իրականության մեջ գնում ենք նոր Էվոլյուցիոն միության ստեղծմանը Ռուսաստանի հեգեմոնիայով, և սա մեր երկրի ամենամեծ նվաճումն է այս տարիների ընթացքում, որ մենք ունեցանք»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Դավիթ Հակոբյանի խոսքով՝ դրանով վերջակետ դրվեց համաամերիկյան հեգեմոնիային. «Վերջապես այս նոր միությամբ համաշխարհային քաղաքակրթությունը մինիմում 50-100 տարվա խաղաղություն ձեռք կբերի, որովհետև միայն այդ նոր միությունն է, որ կարող է հակակշռել պանամերիկյան հեգեմոնիզմը, որն այսօր վտանգավոր է համաշխարհային քաղաքակրթության համար»:
Ինչ վերաբերում է տեսակետներին, թե Մաքսային միությանը միանալով Հայաստանը մասամբ կորցնում էր ինքնիշխանությունը, Դավիթ Հակոբյանը վստահություն հայտնեց, որ անկախությունը վտանգված չէ:
«Նախագահի և մեր պետության ամենահանդուգն քննադատողներից մեկը՝ ես, առաջինն եմ ողջունել վերջնական հաղթանակը ռուսական օրիենտացիայի, ռուսական քաղաքական օրբիտրաժի մեջ մեր վերջնական հանգրվանը գտնելու առումով: Ես սա ասում եմ որպես մեծ ձեռքբերում, մենք պետք է հպարտ լինենք, որ պետք է կազմենք այդ նոր միության նոր սուբյեկտը»,- ասաց նա:
Մաքսային միության անդամակցության մեջ մարքսիստը տեսնում է նաև հայկական քաղաքակրթության ծաղկունքը և բարգավաճումը և խաբկանք համարում գավառական մտածելակերպ ունեցողների հայտարարություններն այն մասին, թե Մաքսային միությանն անդամակցելը ձեռնտու չէ Հայաստանին։