Խոնավությունից փուլ եկող առաստաղ ու պատեր, կիսաքանդ հատակ, ջարդուխուրդ եղած պատուհաններ: Հենց այսպիսին է Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքի բուժամբուլատորիայի շենքը: 50 տարվա պատմություն ունեցող կառույցն այսօր վերանորոգման խնդրի առջև է կանգնած: Ավագ բուժքույր Անահիտ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ դեռ 2010 թվականից մի քանի անգամ դիմել են գյուղապետարան, բայց հարցի պատասխանը գյուղական իշխանությունը դեռ չի տվել: «Դիմել ենք գյուղապետարան, դեռ որոշված չէ՝ նո՞րը կկառուցեն, թե՞ սա կվերանորոգեն», - նշեց Խաչատրյանը:
Ավագ բուժքրոջ խոսքերով' շենքի միայն 2 սենյակներն են օգտագործվում, մնացածը կիսաքանդ վիճակում են. «Բուժկետը լուսավորության խնդիր ունի, ոչ մի սենյակում լույս չկա»:
Մեզ հետ զրույցում Խաչատրյանը հայտնեց, որ Ակնալիճ համայնքի 3200 բնակչին սպասարկող բուժամբուլատորիան ապահովված չէ նաև ջրով. «Էստեղ մոտ ապրող հարևանի տնից ենք ջուր բերում, սանհանգույց չունենք, խողովակներն էլ արդեն պիտանի չեն՝ ժանգոտած ու ջարդված են»:
Ակնալիճ համայնքի ղեկավարի տեղակալ Ֆերդինանդ Ֆիդանյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ ընթացիկ տարում պատրաստվում են նոր բուժամբուլատորիայի շենք կառուցել։ Իսկ թե այս տարվա որ ամսին են սկսելու շինաշխատանքները՝ Ֆիդանյանը հստակ պատասխան չտվեց. «Տեխնիկական հարցերն ենք լուծում՝ փաստաթղթերն ենք կարգավորում»։
Ակնալճեցիները հուսով սպասում են, որ մի օր բուժամբուլատորիան վերանորագված կտեսնեն: