ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը անհապաղ ձեռնամուխ է եղել հեռացնել Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակությունից: Այս թեմայով լրատվականներից մեկը գրում է, որ ԱԺ նախագահի այս փութաջանությունը հատկապես հետաքրքրական է այն տեղեկությունների ֆոնին, որ հրապարակվեցին մամուլում: Հայկական մեդիան գրեց, որ Զարուհի Փոստանջյանին հարց տալու իր իրավունքը զիջել է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության մշտական անդամ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը: Արփինեն այն օրիորդն է, որի հանդեպ դաշնակցականներից հարգալից վերաբերմունք էր պահանջում Հովիկ Աբրահամյանը: Արփինեն մինչեւ պատգամավոր դառնալը աշխատել է Հովիկ Աբրահամյանի աշխատակազմում, հավանաբար դա էլ հիմք է տվել մամուլին տարբեր առիթներով գրել, որ Հովհաննիսյանը Աբրահամյանի վստահելի մարդկանցից մեկն է:
Հնարավոր է, որ հենց այդ պատճառով էլ Աբրահամյանը անհապաղ ձեռնամուխ է եղել Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակությունից հեռացնելու՝ ըստ էության պատժելու գործին, հավանաբար որպեսզի Սերժ Սարգսյանը Աբրահամյանին հերթական անգամ չկասկածի իր դեմ դավադրության մեջ, կրկնելով մամուլի մի քանի միջոցներում արդեն իսկ հնչեցված հարցը՝ իսկ ինչու՞ էր օրիորդ Արփինեն զիջել հարցի իր իրավունքը Զարուհի Փոստանջյանին: Առավել եւս, որ Փոստանջյանը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ հարց պետք է տա Սարգսյանին, սակայն ասել էր, որ հարցը գաղտնի է եւ չի խոսի մինչեւ այն հնչեցնելը: